Լուրեր
Կոնստանտին Օրբելյանը ինչ մեծության աստղ էլ լինի, նա մնում է ՊՈԱԿ-ի տնօրեն․ մշակույթի փոխնախարար

Կառավարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվելու է 5 նախարարություն, այդ թվում՝ նաև մշակութի նախարարությունը: Շատ հաճախ այս գերատեսչությանը նախարարության կարգավիճակից զրկելու ցանկությունը տարբեր շրջանակների կողմից մեկնաբանվում է նրա չաշխատելու և մշակույթի ոլորտում որևէ ավելացված արժեք չստեղծելու փաստով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում կիսվելով Կոմիտասի 150-ամյակին նվիրված՝ Հայաստանի  ազգային ակադեմիական երգչախմբի համերգի վերաբերյալ տպավորություններով՝ գրառում է կատարել. «Հզորագույն համերգ, և կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Մշակույթի առաջին փոխնախարար Նազենի Ղարիբյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց. «Վարչապետն իրավացի է, փայլուն համերգ էր, բայց դահլիճը կիսադատարկ էր: Խնդիրը միայն կիսադատարկ դահլիճը չէր: Գոնե մի քանի խոսք, ելույթներ պետք է հնչեին. նախարարությունը, հարգելով պարոն Չեքիջյանի առաջարկը, որոշում էր կայացրել, որ Կոմիտասի 150- ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեր նրա երգչախմբի համերգով, դա նշանակում է, որ այդ ՊՕԱԿ-ը պետք է իր վրա վերցներ կազմակերպման պատասխանատվությունը, դա նախարարության գործառույթը չէ, մենք կարող ենք միայն առաջարկություններ անել»:

Փոխնախարարն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ քննադատություններ են հնչում, թե մշակույթի նախարարությունը լավ չի աշխատել և հայ մշակույթի զարգացմանը որևէ կերպ չի նպաստել: Նրա խոսքով՝ նախորդ տասնամյակներին մշակութի նախարարության քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած է եղել մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգության, ազգային երգ ու պարի և դասական երաժշտության վրա, ստեղծվել են շատ փառատոններ: «Լ. Մակունցի և իմ գալով այս աշխատանքին՝ փոխվել է մոտեցումը: Մենք փորձել ենք սահմանել ռազմավարական դրույթները և մեր առաջնահերթությունները: Մեզ համար առաջնային է մեկնարկային հավասար հնարավորություններ ապահովել ամբողջ դաշտի համար: Փոխվել է դրամաշնորհների կարգը»,- նշեց Ն.Ղարիբյանը:

«Ճիշտն ասած՝ ինչ այս աշխատանքին եմ անցել, միջավայրումս ստերի և ստախոսների քանակը հազարապատկվել է, ուղղակի խեղդվում եմ։ Եւ որքան ցավալի է, որ դա մշակույթի ոլորտում է… Չեմ կարող չբարձրաձայնել մի փոքր դետալ։ Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի թեկնածությունը ոչ թե ընտրվել է հազարների միջից՝ Գրեմմիի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, այլ ինքն է դիմել՝ մասնակցության համար»,-  ՀՀ մշակույթի փոխնախարարը մեկնաբանեց ֆեյսբուքյան էջում իր կատարած այս գրումը՝ նշելով, որ այն ուներ կոնկրետ հասցե և վերաբերում էր կոնկրետ դեպքի: «Ես անձնական խնդիր չունեմ, մեր հարաբերությունները աշխատանքի դաշտում են: Կոստանտին Օրբելյանը ինչ մեծության աստղ էլ լինի, մնում է ՊՕԱԿ-ի տնօրեն, ՊՕԱԿ-ը ենթարկվում է մշակույթի նախարարությանը, ուրեմն  նա մեր աշխատողն է և ես իր վերադասն եմ…,  պետք է պահպանի կարգը»:

Ն. Ղարիբյանի խոսքով՝ Կոստանտին Օրբելյանը երկու լրիվ դրույքով զբաղեցնում է տնօրենի և գեղարվեստական ղեկավար – գլխավոր դիրիժորի պաշտոնները 2017թ. հոկտեմբերից, այսինքն՝ 3 պաշտոն է զբաղեցնում, ինչը օրենքի խախտում է, և շուտով այդ հարցը կլուծվի:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *