Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ հակամարտությունը Իսրայելի շարունակական քաղաքականությունն է: Այս մասին Չադում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի հարվածից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, Իսրայելը հակազդում է Սիրիայում ամրապնդվելու իրանցիների փորձերին: Հրեական պետությունը ձգտում է նաև կորուստներ պատճառել նրանց, ովքեր փորձում են վնաս հասցնել իրենց:
«Այս քաղաքականությունը չի փոխվում, երբ ես Իսրայելում եմ, այն չի փոխվում նաև, երբ ես պատմական այցով գտնվում եմ Չադում»,- վարչապետի խոսքերը մեջբերել է նրա գրասենյակը: Աֆրիկյան երկրում Նեթանյահուն գտնվում է մեկօրյա այցով:
Նեթանյահուն Սիրիային օդային հարվածներ հասցնելը բացատրել է այնտեղ գտնվող իրանական օբյեկտներով ու պահեստներով: Նա նշել է, որ իրենք կշարունակեն իրանական դիրքերի վրա հարձակումները Սիրիայի տարածքում:
Սիրիայում իրանական ուժերը օգնում են երկրի իշխանություններին պայքարել հակառակորդների դեմ: Իսրայելը և Միացյալ Նահանգները ակտիվորեն պահանջում են իրանական ուժերին հեռանալ երկրից: Իսրայելում բազմիցս նշել են, որ պատրաստվում են դիմակայել Սիրիայում Իրանի զինված ուժերի ներկայությանը Թեհրանի, Իսրայելի թշնամի «Հեզբոլահ» իսլամական շարժման հետ, համագործակցելու պատճառով: