Ինչպես այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈւ) ՀԱՊԿ կողմից ընդունված միասնական զինատեսակների անցնելու մասին որոշման շրջանակում գնելու են ավստրիական «Գլոկ» և իսրայելական «Քորներ շոթ» տեսակի ատրճանակներ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Միասնական զինատեսակների անցնելու որոշումն, ըստ գլխավոր քարտուղարի տեղակալի, ընդունվել է համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով: Նա հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները համաձայնել են, որ կազմակերպության ներսում արտադրվող զենքն ու զինատեսակները բավարար են, սակայն չի բացառվում, որ առանձին զինատեսակներ գնվեն դրսից, ինչպես այս դեպքում է:
«Անկասկած, ՕԱՀՈւ սպառազինության հիմնական զենքն ու զինատեսակը կլինի ռուսական արտադրության»,- ասել է Սեմերիկովը: