Հունիսի 26-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ հոգևորականների տարեկան հաշվետու ժողովը:
Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով: Սրբազան հայրը ողջունեց ժողովականներին և ներկայացրեց թեմի մեկ տարվա ձեռքբերումներն ու համայնքային կյանքում տեղ գտած դժվարությունները: Թեմի հոգևոր կյանքի աշխուժացման մեջ որպես կարևոր ձեռքբերում Սրբազան հայրը նշեց եկեղեցաշինությունը, մասնավորապես անդրադառնալով մայիսին Դոնի Ռոստովում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծված Ս. Հարություն եկեղեցուն: Այն կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում, որը քանդել էին համայնավարները 1965 թվականին: Սրբազան հայրը գոհանակությամբ նշեց, որ հունիսի 30-ին Ն. Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի ձեռամբ օծվելու է նաև Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:Ժողովականները տեղեկացան, որ շուտով հայ հավատացյալների առջեւ իրենց դռները կբացեն Եկատերինբուրգի, Վլադիվոստոկի եկեղեցիները: Թեմակալ առաջնորդը տեղեկացրեց նաև, որ բարեհաջող շարունակվում են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքները: Մոսկվայի Պոկլոննայա Գորայում նախատեսված Մեծ հայրենականի և Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող «Սրբոց նահատակաց» հայկական եկեղեցու կառուցման համար քարերն Հայաստանից արդեն բերվել են:
«Թեմի հոգևոր զարթոնքը նկատելի է ոչ միայն եկեղեցաշինության մեջ,-ասաց թեմակալ առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Մեր ծառայության գնահատականը տալիս է ժողովուրդը: Այսօր մեր եկեղեցիները լի են հավատացյալներով ոչ միայն տոն օրերին: Մարդիկ գալիս են եկեղեցի խաղաղություն և մխիթարություն գտնելու, քահանայի հետ խորհրդակցելու, ինչպես նաև մեր հոգսը կիսելու և աջակից լինելու նախանձախնդրությամբ»:
Սրբազան հայրը ուրախությամբ նշեց, որ թեմում ստեղծվում են նոր ծխական համայնքներ և արդեն կան քաղաքներ, որոնց թվում՝ Վլադիմիրը, Պերմը, Մագնիտոգորսկը, Նովոսիբիրսկը, Նիժնի Նովգորոդը, Իժևսկը, Ռոստովը քահանաների կարքի ունեն:
Ժողովին հոգևորականներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համայնքի մեկ տարվա գործունեությունը: Քննարկվեցին երիտասարդաց միությունների գործունեության ակտիվացման և փոխշփումների կազմակերպչական հարցերը: Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն առաջարկեց հաճախ կազմակերպել ուխտագնացություններ դեպի Սուրբ երկիր, հայրենիք, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, նաև հանդիպումներ տարբեր համայնքների երիտասարդաց միությունների միջև: Եկեղեցու զորացման և թեմի կայացման գործում կարևորելով քահանայի ծառայությունը՝ Սրբազան հայրը հորդորեց հոգևորականներին համայնքային կյանքում առավել ակտիվ լինել: «Մեր ամբողջ առաքելությունը պիտի նպատակաուղղվի վաղվա օրվան: Ոչ միայն Աստծո խոսքը պիտի փոխանցենք երիտասարդներին, այլև նրանց կրթենք ու դաստիարակենք քրիստոնեական ոգով ու արժեքներով, որպեսզի մեր վաղվա օրը ապահով լինի: Դրա համար շատ կարևոր է եկեղեցու ներսում մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործը: Եթե ակտիվ ու անձանձիր գործենք, ապա կզորանա Հայ Եկեղեցին, իսկ եթե ծուլանանք, կտկարանա այն».- ասաց Սրբազան հայրը:
Այն համայնքներում, որտեղ դեռևս չկան կիրակնօրյա դպրոցներ, թերթեր ու ինտերնետային կայքեր, Սրբազան հայրը հանձնարարականներ տվեց առաջիկայում ստեղծել դրանք:
Ժողովի ավարտին Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանն իր հայրական օրհնությունը բաշխեց մասնակիցներին և հորդորեց ապրել համայնքի յուրաքանչյուր անդամի հոգսով ու ցավով, մխիթարել ու աջակից լինել հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվան








































