Սիրիայում Թուրքիայի երրորդ ռազմական օպերացիան կարող է դառնալ ամենամասշտաբայինը երկրի պատմության մեջ, գրում է Yeni Safak պարբերականը:
Պարբերականի տվյալներով, առնվազն 80 հազար թուրք զինվորականներ պատրաստ են օպերացիայի իրականացմանը: Նախկին երկու՝ «Եփրատի վահանը» և «Ձիթենու ճյուղ» օպերացիաների ժամանակ Անկարան շատ ավելի համեստ ռեսուրսներ էր ներգրավել: Չհաստատված տվյալներով, առաջինին մասնակցել է 4-8 հազար, իսկ երկրորդին՝ մոտ 6.5 հազար զինվորական:
Ավելի վաղ, Թուրքիայում հայտարարել էին, որ կսկսեն Սիրիայի հյուսիսում քրդական զինյալների դեմ հետաձգված ռազմական գործողությունները, եթե ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից հետաձգվի:
Իր հերթին, Թրամփը սպառնացել է Անկարային ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս որոշի հարձակվել սիրիական քրդերի վրա: Անկարայում արձագանքել են, որ կշարունակեն պայքարել քրդերի դեմ, չնայած Թրամփի սպառնալիքներին: