Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնական Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովին: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպությունը նաև անհանգստություն է հայտնել բլոգերի՝ հացադուլ իրականացնելու հանգամանքի վերաբերյալ:
Հուսեյնովը 15 օր շարունակ հացադուլ է իրականացնում՝ ի նշան իր դեմ հարուցված նոր կեղծ մեղադրանքի համար բողոքի, ինչի համաձայն՝ նրան սպառնում է ևս 7 տարվա ազատազրկում:
Ադրբեջանի իշխանությունների հերթական շինծու մեղադրանքի համաձայն՝ բլոգերն իբր ծեծի է ենթարկել կալանավայրի հսկիչներից մեկին:
Հայտնի է նաև, որ Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները:
Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ:
Բաքվում ի պաշտպանություն բլոգերի հացադուլ են իրականացնում նաև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մի շարք անդամներ: