Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ալիևի պայմանը Պուտինին կամ «Լավրովի պլանը»՝ հին ու նոր մարտահրավեր «նոր Հայաստանի» համար

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները՝ սկսած վարչապետ դարձած նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Հանրապետական կուսակցության՝ շուրջ 20-ամյա իշխանության տապալումից մինչև նոր կառավարության ձևավորում, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, քաղաքական ուժերի նոր փոխդասավորության ձևավորում, ինչպես նաև այս ընթացքում ծավալված զարգացումներն ու բանավեճերը, դինամիկ զարգացումները թե՛ տարածաշրջանում և թե՛ միջազգային ասպարեզում նոր իրավիճակ ստեղծեցին Արցախի հարցի շուրջ՝ ուրվագծելով փոփոխությունների կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանի ու Արցախի համար անցանկալի զարգացումների որոշակի հեռանկար։

Բանակցային երկու հարթությունները

Հարցին քաջատեղյակ ընթերցողն, անշուշտ, գիտի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ եռանախագահների, որոշ դեպքերում էլ համանախագահող երեք երկրներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) մեկնումեկի ղեկավարի, արտգործնախարարի միջնորդությամբ ընթանում են երկու հարթությունում՝ 1) հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու, վերահսկելի պահելու, այլ խոսքերով՝ հրադադարի ռեժիմը պահպանելու, անվտանգությունն ամրապնդելու և 2) հիմնախնդրի վերջնական խաղաղ կարգավորման կամ հանգուցալուծման 5-6 կետերի կամ տարրերի շուրջ, որոնք արտացոլված են հայտնի Մադրիդյան սկզբունքների նախագծում։

Ընդհանուր իրավիճակը և տեղական ու միջազգային ընկալումները

2018 թ․ ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ քայլեր ձեռնարկելու սահմանագծում լարվածությունն իջեցնելու ուղղությամբ, ինչից հետո իրավիճակը որոշ չափով խաղաղվել է, և նվազել է միջադեպերի թիվը։

Իսկ ահա հիմնախնդրի բուն կարգավորման հարցում որևէ առաջընթաց կամ տեղաշարժ առայժմ չկա։ Եթե ինչ-որ փոփոխություն էլ կա, ապա այն միայն մարդկանց ընկալումներում ու պատկերացումներում է, ոչ թե իրական հարթության վրա։ Կան ընդամենը որոշ սպասումներ, որոնք Ադրբեջանում լավատեսական հույսերի տեսքով են, իսկ Հայաստանում՝ մտավախությունների, վախերի, կասկածների տեսքով։ Ինչո՞ւ։ Սրա բացատրությունը որքան խորքային է ու բազմաշերտ, նույնքան էլ պարզ է ու ակնհայտ։ Երբ խոսք է լինում հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ-որ առաջընթացի մասին, Ադրբեջանում պատկերացնում են, որ առաջընթաց է լինելու Ղարաբաղը կամ տարածքների մի մասը Ադրբեջանին վերադարձնելու հարցում, որովհետև նրանք հենց այդպես են պատկերացնում հիմնախնդրի լուծումը։ Հայաստանում էլ նման հայտարարություններից եզրակացնում են, թե հայկական կողմը պատրաստվում է ինչ-որ հողային զիջումներ անել Ադրբեջանին։ Դժվար է ասել՝ որն է նման ընկալումների ձևավորման պատճառը։ Գուցե հայկական դիվանագիտությունը բավարար արդյունավետությամբ չի գործել, կամ էլ Ադրբեջանն է ավելի լավ աշխատել միջազգային ասպարեզում։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ միջազգային ընկալումներում, ցավոք սրտի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված առաջնային քայլը այսպես ասած՝ տարածքների հարցն է, ոչ թե Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման և նրանց անվտանգության ապահովման հարցը, ինչը տրամաբանական պիտի լիներ՝ հաշվի առնելով թե՛ հիմնախնդրի ծագումնաբանությունն ու էությունը, թե՛ Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող հայատյաց, ֆաշիստական և որևէ կոմպրոմիս չճանաչող քաղաքականությունը և թե՛ հատկապես 2016 թ․ ապրիլյան իրադարձությունները՝ գերի ընկած հայ զինվորների ու քաղաքացիական անձանց խոշտանգումները, որոնք հերթական անգամ ակներև դարձրեցին Բաքվի իրական մտադրությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։

Լավատեսության հիմքեր իրականում չկան

Այն, որ բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնության, փոխըմբռնման կամ առաջընթացի մասին հայտարարությունները Հայաստանում շատերի ընկալումներում վերածվում է հողային զիջումների հետ կապված վախերի, ցույց տվեցին Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի վերջին «լավատեսական» հայտարարությունները։ Դիլիջանում դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում դա փաստեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ երբ Ադրբեջանը լավատեսական էլեմենտ պարունակող ինչ-որ հայտարարություն է անում, հայաստանյան մեկնաբաններն անմիջապես կանխավարկած են առաջ քաշում, թե «էստեղ ինչ-որ դավադրություն կա»։ Մինչդեռ պետք չէ նման հայտարարություններից «տիտանական եզրակացություններ անել»։ Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, թե ներկայումս «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար»։ Իսկ Մամեդյարովն ավելի ուշ ասել էր, թե Միլանում դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպմանը ինքն ու իր հայ գործընկերը՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, երկար ժամանակահատվածից հետո հասել են «փոխըմբռնման»։ Ադրբեջանի արտգործնախարարը հետո մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ հայտարարություն արեց, որն ուղղակիորեն հակադրվում է Ադրբեջանի ղեկավարության՝ վերջին շրջանում որդեգրած թվացյալ «կառուցողական» և «խաղաղասեր» կեցվածքին։ Մամեդյարովը «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հետ զրույցում հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը և «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ նրանց Ադրբեջանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»։ Այսպիսով, Մամեդյարովը, ի հեճուկս Հայաստանում որոշ պացիֆիստների անհիմն լավատեսության, հստակ նշեց, թե որն է Ղարաբաղի հարցի իրենց տեսլականը և վերահաստատեց Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, որը չի ենթադրում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։ Արձագանքելով Մամեդյարովի հայտարարությանը՝ պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչն ասաց, որ սա Բաքվի հայատյաց, նացիստական, ռևանշիստական քաղաքականության դրսևորումն է, ու քանի որ Բաքուն չի փոխում իր դիրքորոշումը, Մամեդյարովի ցանկությունները այդպես էլ կմնան ցանկություն ու երազանք։ Իսկ ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ներկայիս իրավիճակում հայության կողմից պարզապես միամտություն կլինի ինչ-որ «բարենպաստ» սցենարի հույս ունենալ։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում պացիֆիստ լինելն այսօր այնպիսի ճոխություն է, որը մենք մեզ չենք կարող թույլ տալ։ Եվ ընդհանրապես «զիջումներ» կամ «փոխզիջումներ» բառերը պիտի դուրս գան գործածությունից և դառնան տաբու, քանի որ Բաքուն հերթական անգամ ցույց տվեց, որ ցանկություն չունի փոխզիջումների գնալու և Արցախի ու Հայաստանի հետ փոխադարձաբար ընդունելի համաձայնության հասնելու, որն իրական ու երկարատև խաղաղություն կապահովի տարածաշրջանում։

Կարգավորման չափանիշների վերանայման հրամայականը

Հայկական դիվանագիտության հետ կապված քննադատությունն, իհարկե, առաջին հերթին ուղղված է երկրի նախկին ղեկավարությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը, չնայած փորձագիտական հանրության սպասումներին, այդպես էլ հարց չբարձրացրեց՝ հիմնախնդրի կարգավորման տարրերի հաջորդականությունը հստակեցնելու և ընդհանրապես կարգավորման՝ առաջարկված ծրագրի հիմքում ընկած (հայերի և ադրբեջանցիների «խաղաղ համակեցության») բանաձևը վերանայելու և ավելի իրատեսական մոտեցումներ որդեգրելու մասին։ 2017 թ․ հուլիսին տված հարցազրույցի ընթացքում Սարգսյանը հայտարարեց, թե «Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»։ Մինչդեռ հանրությունը, փորձագետները, քաղաքական վերնախավը, սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծում էին, որ իրավիճակը հակամարտության գոտում արմատապես փոխվել է և հին մոտեցումներով հնարավոր չէ հասնել խնդրի արդար և խաղաղ լուծման։ Մասնավորապես, միջազգային իրավունքի ֆրանսահայ մասնագետ Ֆիլիպ Գալֆայանը զարգացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածում առաջ քաշված «անջատում հանուն փրկության» (remedial secession) սկզբունքի իրացման գաղափարը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը վարում է ատելության քաղաքականություն Հայաստանի և հայության դեմ, Ադրբեջանի նպատակը հայությանը բնաջնջելն է, հետևաբար, Հայաստանը պետք է օգտագործի այս փաստը իրավունքի դաշտում: Տարբերակներից մեկը «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրացմանը հետամուտ լինելն է, մյուսը՝ հասնել նրան, որ ԼՂՀ անկախության հռչակագիրը ընդունվի միջազգային դատարանի կողմից և իրավական ուժ ստանա: Այլ խոսքերով՝ Երևանը պիտի հստակ պահանջ ներկայացներ միջնորդներին, որ առաջնահերթ խնդիրը հիմնախնդրի կարգավորման համատեքստում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է, որի միջոցով միայն հնարավոր կլինի փրկել հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ առնվազն շատ իրական և տեսանելի վտանգից, և ոչ թե նախկին ԼՂԻՄ-ին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից 7 կամ 5 շրջանների հարցը, որը 1990-ական թթ․ սկզբին Ադրբեջանի գործադրած ռազմական ագրեսիայի հետևանքն է։

Բայց Սերժ Սարգսյանի վարչակազմն ընդամենը (2016 թ․ մայիսից հետո՝ շուրջ մեկուկես տարի, այն էլ՝ որոշ դադարներով) պնդում էր, որ կյանքի կոչվի «Վիեննայի օրակարգը»՝ որպես բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և վստահության մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտ նախապայման, սակայն ի վերջո ստիպված եղավ հրաժարվել այդ օրակարգից, քանի որ Ադրբեջանը չէր համաձայնում ձեռք բերված համաձայնությունների կատարմանը, իսկ միջնորդների համար Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը վաղուց դադարել էր սկզբունքային լինելուց։

Ինչ վերաբերում է նոր ղեկավարությանը՝ թվում է, թե Փաշինյանը կարողացավ Դուշանբեի պայմանավորվածությունների շնորհիվ հասնել լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղեցման շփման գծում։ Բայց իշխող քաղաքական ուժն առայժմ սկզբունքային դիրքորոշում չի հայտնել Վիեննայի պայմանավորվածությունների վերաբերյալ, ոչ էլ առավել ևս ներկայացրել է իր ռազմավարական տեսլականը, թե ինչպես և ինչ սկզբունքներով է պատկերացնում Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն ու հիմնահարցի խաղաղ և արդար հանգուցալուծումը։ Ավելին, Փաշինյանն առայժմ հարց չի բարձրացրել Ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման մասին։ Վերոնշյալ ճեպազրույցի ժամանակ նա լրագրողներին ասել է, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, բայց «ամբողջ խնդիրն այն է, որ ամենասկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա»։ Իհարկե, եղել են որոշ կցկտուր դիրքորոշումներ։ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել է, որ Արցախի իշխանությունները ևս պետք է ուղղակիորեն մասնակցեն բանակցային գործընթացին, և Արցախի անունից կարող է բանակցել միայն Ստեփանակերտը։ Նաև ընդգծել է, որ մեթոդաբանական սխալ է մեր կողմից խոսել փոխզիջումների մասին, եթե Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստակամ չէ փոխադարձ զիջումներ անելու և պատեհ առիթը բաց չի թողնում՝ սպառնալու հայկական պետականությանը և հայտարարելու Ղարաբաղը, Զանգեզուրը, Երևանը գրավելու մտադրության մասին։

Տակտիկական բացթողում և ռազմավարության բացակայություն

Անշուշտ, արդար չի լինի այս պահին քննադատել Փաշինյանի թիմին ռազմավարական տեսլական չունենալու համար, որովհետև նորընտիր խորհրդարանը դեռևս չի ձևավորել նոր կառավարություն, և, հետևաբար դեռ չի ներկայացվել գործադիր մարմնի նոր ծրագիրը։ Այդուհանդերձ, այս անցումային շրջանում էլ իրավիճակը շարունակում է զարգանալ Արցախի շուրջ, և երբեմն անհրաժեշտություն է առաջանում արձագանքելու հակառակորդի քայլերին և կանխելու փակ բանակցությունների շահարկումները Բաքվի կողմից։ Բայց ո՛չ վարչապետի պաշտոնակատարը, ո՛չ արտգործնախարարությունը չփորձեցին ավելի կոշտ հայտարարություններով կանխել դա, ինչը հնարավորություն տվեց ադրբեջանական կողմին Ամանորի նախօրեին թե՛ ներքաղաքական դիվիդենտներ շահել և թե՛ տեղեկատվական խառնաշփոթ առաջացնել Հայաստանում՝ շատ լավ իմանալով հայ հանրության զգայունությունը Արցախի հարցի նկատմամբ և առկա վախերը։ Առավել ևս ներքին ու արտաքին որոշ ուժեր ԱԺ նախընտրական շրջանում ամեն ջանք գործադրել էին ղարաբաղյան հարցը այս կամ այն քաղաքական նպատակներով շահարկելու և ջուրը պղտորելու համար։ Շահնազարյանը, հանրապետական և դաշնակցական ընկերները՝ բնականաբար, ներքաղաքական նպատակներով, Ջոն Բոլթոնը՝ Իրանի դեմ ամերիկյան արշավն ակտիվացնելու, Լուկաշենկոն էլ՝ թերևս իր ուրույն քաղաքական հաշվարկներով։ Եվ այս հայտարարությունները, շահարկումները այնպես ազդեցին Հայաստանի հանրային կարծիքի վրա, այնպիսի մակարդակի բարձրացրեցին «Ղարաբաղը հանձնելու» հետ կապված հանրության վախերը, որ Փաշինյանի մեկնաբանությունը, թե պետք չէ Ադրբեջանի մեկ լավատեսական հայտարարությունից «տիտանական եզրակացություններ» անել, բնականաբար, չփարատեց եղած կասկածները։

Ղարաբաղի ու եվրասիական ինտեգրման վտանգավոր կապը

Ամենամտահոգիչն այս համատեքստում այն է, որ վերջին ամիսների զարգացումները Հայաստանի շուրջ՝ հատկապես հետխորհրդային տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստան-Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան-Ադրբեջան հնգանկյունում, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) շրջանակներում, լավատեսության հիմքեր չեն տալիս՝ այդ թվում նաև ղարաբաղյան հարցի առումով։ Վտանգավորն այն է, որ Հայաստանի գործընկերները նշված կազմակերպությունում փորձում են ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի ընդլայնման հարցը կապել ղարաբաղյան կարգավորման հարցի հետ, և դրա մասին բացահայտորեն խոսեց Բելառուսի նախագահը՝ թերևս ակամայից բացահայտելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագրի՝ «Լավրովի պլանի» մանրամասները և ասելով, որ մոտ երկու տարի առաջ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ինքն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել են Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանին Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից 7 շրջաններից 5-ը (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու)։ Իսկ դա, Լուկաշենկոյի մեկնաբանությամբ, «առաջին քայլն էր», և այդ դեպքում Ադրբեջանը կմիանար ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին։ Այլ խոսքերով՝ Ադրբեջանը պայման է դրել Ռուսաստանի, Բելառուսի և հավանաբար մյուս գործընկեր պետությունների առջև, որ միայն ղարաբաղյան հարցի ադրբեջանակենտրոն լուծման դեպքում կմիանա այդ կազմակերպություններին։ Լուկաշենկոն ու Պուտինն էլ որոշել են հայկական հողերի հաշվին լուծել այդ հարցը, բայց Սերժ Սարգսյանը, ի զարմանս «բատկայի», մերժել է Արցախի անվտանգության հաշվին Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնման անհեթեթ առաջարկը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նույն այս երկրները, որոնք շատ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, վերջին շրջանում ակտիվացրել են Ադրբեջանի եվրասիական ինտեգրմանն ուղղված քայլերը։ Դեռ նախորդ տարվա օգոստոսին ՀԱՊԿ-ում քննարկվել էր ռազմական այս բլոկում ոչ անդամ պետություններին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթը։ Նոյեմբերին ՀՀ ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելուց հետո Ադրբեջանը Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և Բելառուսի ու Ղազախստանի խրախուսմամբ ամեն կերպ փորձում էր միջամտել ՀԱՊԿ-ի ներքին գործերին և վնասել հայկական շահերին՝ խոչընդոտելով գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի վերանշանակմանը։

«Լավրովի պլանը»՝ հին ու նոր մարտահրավեր «նոր Հայաստանի» համար

Իսկ դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Պուտինը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր պետությունների կարգավիճակ սահմանելու մասին։ Եվ կասկած չկա, որ խոսքն առաջին հերթին Ադրբեջանի մասին է։ Ըստ էության, ստացվում է, որ Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկած գործընկերները (դա դեռ վերջնականապես հաստատված չէ, բայց իրավիճակի զարգացումը տանում է դրան) հիմա էլ կարող են փաստի առաջ կանգնեցնել Երևանին՝ ստիպելով Հայաստանին կողմ քվեարկել Ադրբեջանին գործընկերոջ կարգավիճակ տալու առաջարկին, իսկ հետագայում՝ գուցե բարձրացնեն նաև Ադրբեջանի անդամակցման հարցը։ Ու քանի որ դա, ըստ էության, հնարավոր չէ անել առանց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, որովհետև հակամարտության պայմաններում Հայաստանը չի համաձայնվի Ադրբեջանի հետ միևնույն դաշինքում կամ միությունում լինելուն, Ալիևն էլ պայման է դրել «պուտինյան ակումբի» անդամների առաջ, որ առաջընթաց ապահովեն Ղարաբաղի հարցում՝ Ադրբեջանին ցանկալի սցենարով, ստացվում է, որ այս հարցը փաստորեն խթան է լինելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական պլանի առաջմղման համար, ինչն ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից։

Իսկ Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր հեռահար ռազմավարական ծրագրերը՝ կապված թե՛ ընդհանրապես նախկին ԽՍՀՄ տարածքի և թե՛ մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ։ Հիշենք ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը 2017 թ․ հոկտեմբերին, թե «եթե Կովկասում ուզում ենք խաղաղություն, ապա ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵԱՏՄ-ին»։ Մոսկվայի ռազմավարական նպատակն այս տարածաշրջանում խորհրդային նախկին ազդեցության վերականգնումն է՝ ներառյալ ռեգիոնի երկրները միևնույն քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերին ինտեգրելը, իսկ դա հնարավոր չէ անել առանց ղարաբաղյան հարցի լուծման։ Թե ինչպես են Մոսկվայում պատկերացնում այս հիմնախնդրի լուծումը, կամ ընդհանրապես որքանով է հավանական Ռուսաստանի ռազմավարական ծրագրի կենսագործումը՝ այլ հարց է։ Այս արձանագրումն ամենևին չի նշանակում, որ հենց այդպես էլ լինելու է, կամ պետք է համակերպվել նման հեռանկարի հետ։ Հայաստանն ունի իր շահերն ու ծրագրերը՝ կապված թե՛ մեր երկրի զարգացման ու անվտանգության և թե՛ Արցախի հիմնախնդրի լուծման հետ, և բնականաբար, իր շահերն ու ծրագրերը պիտի առաջ տանի։ Բայց մի բան ակնհայտ է, որ անհնար է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում անտեսել ռուսական գործոնը։ Հետևաբար, վերոնշյալ սցենարին նախապատրաստվելն ու հնարավոր ռիսկերը չեզոքացնելը դառնում է հրամայական դեպի «նոր Հայաստան» շարժվող հայկական նոր կառավարության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում