Չինական Huawei-ի կապալառու հանդիսացող Sapient ընկերության երկու աշխատակից տուգանվել են Apple ընկերության սմարթֆոնից արված շնորհավորանքի համար, հաղորդում է Reuters-ը:
iPhone-ից արված Ամանորյա շնորհավորանքը հունվարի 1-ին հայտնվել է Twitter-ում և շուտով հեռացվել: Սակայն դա նկատել է բլոգեր Մարկես Բրաունլին և այդ մասին պատմել բաժանորդներին:
Աշխատակիցն օգտվել է iPhone-ից շնորհավորանքը ժամանակին ուղարկելու համար, քանի որ համակարգչի հետ խնդիրներ են առաջացել: Միջադեպի արդյունքում ընկերության ցանցային մարքեթինգի բաժնի տնօրենը և աշխատակիցներից մեկը պատժվել են: Նրանց պաշտոններն իջեցվել է, իսկ աշխատավարձը կրճատվել մոտ 728 դոլարով, հաղորդում է France Press-ը:
2018 թ. նոյեմբերին հաղորդվել է, որ ԱՄՆ իշխանությունները փորձում են համոզել այլ երկրների պաշտոնյաներին չօգտագործել սմարթֆոններ և հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Huawei-ի արտադրանքը: Նրանք պնդում են, որ Huawei սարքավորումները անվտանգ չեն և կարող են տվյալների արտահոսքի պատճառ հանդիսանալ: