Ապրիլյան հեղափոխության ընթացքում մի կարևոր սկզբունք ամրագրվեց հայ քաղաքական մտքում. դա այն է, որ թեև որևէ կլանի կամ անհատի ժամանակավորապես հաջողվում է քաղաքացուց խլել իշխանություն ունենալու և տեր լինելու նրա իրավունքը, սակայն ՀՀ քաղաքացին կարողանում է իր մեջ ուժ գտնել, կոտրել այդ ամենը և պատժել այդ մարդկանց: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գոռ Հակոբյանը՝ հավելելով, որ այսպիսի շարժումներից հետո կարևոր է դառնում այդ դիտանկյունից ձևակերպել հանրային համակեցության կանոնները, քաղաքականությունը, զարգացման հեռանկարները, որոնք պետք է արտացոլվեն Սահմանադրության մեջ:
Քաղաքագետը կարևորեց նաև Ամուլսարի խնդիրը, որը լուծում չստացավ և տեղափոխվեց 2019թ.: «Ամուլսարի հարցը իրավունքի նոր խնդիր է բարձրացնում, որևէ կառավարություն չպետք է որոշի որևէ տարածքում արդյունաբերական ձեռնարկություն կառուցել՝ առանց տվյալ համայնքի կարծիքը հաշվի առնելու: Փորձում ենք աշխարհին տալ ուղերձ, որ Հայաստանը այսուհետ չպետք է լինի հանքահումքային կցորդ երկիր»,- նշեց Գ. Հակոբյանը:
Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ մենք ժողովուրդը միշտ համարել է, թե մեր վիճակը վատ է, քանի որ լավ ղեկավար չունենք՝ սպասելով սուրբ կամ փրկիչ առաջնորդի. «Կուզենամ 2019-ից սկսած հասկանանք, որ լավ ղեկավարը կարևոր գործառույթ ունի, բայց նախ մենք պիտի փոխվենք և ինքներս պետք է փոփոխություններ կատարենք մեր կյանքում»:
Մանրամասն՝ տեսանյութ: