Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հին ռեժիմը կրեմլյան մարտավարություն է կիրառում. հանրությունը պետք է որոշի՝ ինչպես նրանք պիտի պատժվեն. Jane’s Intelligence

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։

Լիլիթ, միջազգային դիտորդական առաքելությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խումբը դրական է գնահատել Հայաստանում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները՝ նշելով, որ ընտրություններն անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում, ընտրական գործընթացը վայելել է հանրության լայն աջակցությունը, հարգվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները, և կոպիտ ընտրախախտումների բացակայությունը թույլ է տվել ապահովել իրական մրցակցություն քաղաքական ուժերի միջև։ Թե՛ Եվրամիությունը, թե՛ Մեծ Բրիտանիան և թե՛ Միացյալ Նահանգները ողջունել են միջազգային դիտորդների այս գնահատականը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի և նոր կառավարության հետ։ Ձեր կարծիքով՝ այս գնահատականը, մինչ այդ անցումային կառավարության կողմից սկսված բարեփոխումները որքանո՞վ կբարձրացնեն Հայաստանի հեղինակությունը, և պե՞տք է արդյոք սրանից հետո սպասել ավելի կոնկրետ գործողությունների Արևմուտքի կողմից՝ հաջակցություն Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացի։

Այո, Արևմուտքի արձագանքը միանշանակ դրական էր։ ՀՀԿ-ի փորձերը՝ գնված հոդվածներով հեղափոխությունը վարկաբեկելու, միապետության մեջ մեղադրելու, ինչպես և սպասելի էր, ձախողվեցին։ Արևմտյան փորձագիտական և քաղաքական շրջաններում նման պրոպագանդան անտեսվում է։ Ապրիլից ի վեր Արևմուտքի համար կարևոր էր հասկանալ՝ հեղափոխությունը պարզապես մեկանգամյա՞ դրական երևույթ էր, թե՞ հեղափոխական կառավարությունն իսկապես ժողովրդավարական ինստիտուտներ է ստեղծելու։ Այդ ինստիտուտներից առաջինը ազատ ընտրություններն են։

Հայաստանցիները ոչ միայն հեղափոխություն արեցին, այլև բացառապես սահմանադրական քայլերով հասան արտահերթ ընտրությունների և լավ որակի ընտրություններ անցկացրեցին։ Նման՝ գրեթե դասագրքային խաղաղ իշխանափոխության շնորհիվ է նաև, որ արևմտյան արձագանքը միանշանակ դրական է։ Ավելացնեմ, որ հայաստանյան ընտրությունները տեղի ունեցան Վրաստանի նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Հատկանշական է, որ Արևմուտքը մտահոգված է իր առավել կարևոր գործընկերոջ՝ Վրաստանի ընտրությունների որակով՝ այն բանից հետո, երբ գորշ կարդինալի դեր ստանձնած մեծահարուստ Իվանիշվիլիի նախընտրած թեկնածուն հաղթեց։

– Եթե նախկինում դժգոհում էին ընտրակեղծարարությունից, ֆինանսական ռեսուրսների պայքարի և պարզապես առևտրի վերածված ընտրական գործընթացից՝ հիմա շատերն ասում են, թե չափից ավելի մեծ աջակցությունը մեկ անձին և մեկ քաղաքական ուժին ժողովրդավարական չէ։

– Իմ կարծիքով՝ քաղաքագիտության տեսանկյունից նման կարծիքները անհասկանալի են։ Հետհեղափոխական շրջանում օրինաչափ երևույթ է, երբ հեղափոխական խումբը լինում է սիրված և հանրային մեծ աջակցություն է վայելում։ Ընտրությունների այսպիսի արդյունքները միանգամայն ակնկալելի էին։ Ընտրությունը պարզ քվեարկություն էր հօգուտ այն մարդու կամ խմբի, ովքեր առաջնորդել են հեղափոխությունը։ Ավելին, իրականում սա նաև քվեարկություն էր ոչ թե հօգուտ Փաշինյանի, այլ քվե էր՝ շարունակելու հեղափոխությունը։

Մարդիկ, ովքեր քվեարկել են Փաշինյանի թիմի օգտին, պահանջում են այն ծրագրի շարունակությունը, ինչի համար իրենք դուրս էին եկել փողոց։ Այսինքն՝ օլիգարխիկ համակարգի լիակատար ապամոնտաժում և սոցիալական արդարության վերականգնում, անկախ դատարաններ, աղքատության վերացում, ազատ շուկա բոլորի համար, ավելի լավ ապրելու պայմաններ և այլն։

Շատերի համար անընդունելի է, որ ՀՀԿ, ԲՀԿ ղեկավարները ազատության մեջ են և ավելին՝ կարողացան մասնակցել ընտրություններին։ Իհարկե, մեծ հաշվով, Փաշինյանը որոշեց, որ ավելի լավ է հանրությանը դեմ գնալ և թույլ տալ ՀՀԿ, ԲՀԿ և նախկին ռեժիմին սատարողների մասնակցությունը և ապա նրանց դաշտից հանել ընտրություններով, քան ձերբակալություններով, որոնք կներկայացվեին իբրև քաղաքական հետապնդում, ինչը հին ռեժիմի քաղաքական դիակների վերակենդանացման համար պարզապես նվեր կլիներ։

– Նույնիսկ որոշ դատողություններ են անում, որ սա կարող է տանել դեպի բռնապետություն, «դիկտատուրա»։

– Ինչ վերաբերում է բռնապետության վերաբերյալ մտահոգություններին, այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ սովորաբար տապալված ռեժիմն առաջինն է նման մեղադրանք ներկայացնում։ Որոշ դեպքերում նրանց միանում են նաև արտաքին ուժերը։ Նման հնարքների միակ նպատակը սևացնելն է այն ամենը, ինչ կապված է հեղափոխության հետ։

Ինչպես ավելի վաղ նշեցի՝ միապետության վախերը և մեղադրանքները առաջինը սկսել է տարածել ՀՀԿ-ն՝ ժողովրդական շարժման վարկաբեկման և հնարավոր քրեական գործերը թերևս իբրև «բռնապետ Փաշինյանի» կողմից քաղաքական հետապնդում ներկայացնելու համար։ Նման վճարովի ապատեղեկատվությունը թերևս ազդում է ներհայաստանյան քննարկումների վրա, բայց ոչ՝ Արևմուտքի։

– Իսկ ի՞նչ կասեք այն քննադատության մասին, որ ընտրողների 70 տոկոսն իր ձայնը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե ցուցակում ընդգրկված մյուս թեկնածուներին։

Հեղափոխական շարժումը չի կարող կես տարվա ընթացքում վերածվել կուսակցության, ունենալ անդամներ, որոնք հստակ պատկերացնում են իրենց կուսակցության ծրագիրը, գաղափարախոսությունը, ունեն կուսակցական լինելու մշակույթ։ Հայաստանում երբեք չի եղել նման մշակույթ։ Հայաստանում հետևյալ մոդելն է գործում՝ անհատ և նրա շուրջը հավաքված խումբ։ Միանգամայն բնական է, որ Փաշինյանին են ընտրում և ոչ իր թիմին, քանի որ սա է երկրի քաղաքական մշակույթը։ Հայաստանում տասնամյակներ շարունակ եղել է կիսամիապետական համակարգ, որը կոմունիստական համակարգի հայելային արտացոլանքն էր։

Հայաստանում իշխող կուսակցությունները իրականում կուսակցություն չեն եղել։ Նրանք կապ չունեն մրցակցային քաղաքական գաղափարական կազմակերպությունների հետ։ Դրանք  ընդամենը գործադիր մարմնի հետ սերտաճած նեպոտիստական ցանց են։ Այս ցանցերի նպատակը ոչ թե քաղաքական արդար մրցույթով, այլ ամեն կերպ իշխանությունը պահելն է։ Արդար ընտրություններն այս նեպոտիստական ցանցի համար գերագույն վտանգ են՝ ի տարբերություն առողջ կուսակցությունների։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նեպոտիստական, օլիգարխիկ ցանց է, մի կազմակերպություն, որը լիովին սերտաճել է գործադիր մարմնի հետ։

Նման հիվանդոտ քաղաքական համակարգում քաղաքացին իր կամ մերձավորների փորձով արդեն գիտի, որ լավ աշխատանք կամ ազդեցություն, արտոնյալ պայմաններով բիզնես ունենալու համար միշտ շահավետ է լինել իշխող նեպոտիստական խմբի անդամ՝ անկախ անունից կամ ղեկավարից։

Հիմա մտավախությունն այն է, որ նման քաղաքական մշակույթի պայմաններում «Իմ քայլը» դաշինքը ևս կարող է դառնալ հերթական նեպոտիստական խումբը։ Եվ, ի դեպ, գաղափարախոսությունը իմունիտետ չի տալիս կուսակցությանը՝ գործադիր մարմնին չսերտաճելու առումով։

Սա այնքան Փաշինյանին ուղղված հարց չէ, որքան Հայաստանի, այսպես կոչված, էլիտային։ Վերջինս երեք տասնամյակում չի կարողացել ձևավորել քաղաքական պայքարի ինստիտուտներ կամ մշակույթ։ Հիմա որոշ տեղաշարժ կա, բայց, այսպես կոչված, էլիտայի գերակշռող մասը կոռումպացված է, ոչ պետականամետ (թեև ամենահաճախ այս էլիտան է խոսում պետականությունից) և մտավոր առումով միջակ, ինչի պատճառով Հայաստանը դեռ երկար է վնասներ կրելու թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության առումով։

– Երկրորդ քննադատությունն այն է, որ Փաշինյանը չունի ուժեղ թիմ։

– Այո, նա չունի ուժեղ թիմ՝ ինչպես և բոլոր մյուս կուսակցությունները։ Գոնե ես չեմ տեսնում անգամ մեկ կուսակցություն, որ հիմա կարող է պարծենալ բացարձակ ուժեղ թիմով, որ ունի մտավոր պոտենցիալ, փորձ և քաղաքական ցանկություն լիովին կազմաքանդելու օլիգարխիան, վերաիմաստավորելու և փոխելու խիստ ուռճացված և մսխող պետական համակարգը, որ կարող է իրատեսական ճանապարհային քարտեզ տալ ՀՀ-ն արտաքին քաղաքական ձախողումից և Արցախյան խնդրում վտանգավոր փակուղուց դուրս բերելու համար։

Այն, որ հեղափոխական շարժումով իշխանության եկած թիմը թույլ է կամ ընկալվում է թույլ, սպասելի է.  գրեթե նույնը տեղի է ունեցել այլ տարածաշրջանային հեղափոխական երկրներում։ Բայց անհանգստացնող է նմանօրինակ թիմերի բացակայությունն այլ կուսակցություններում, որոնցից շատերն ունեն ժամանակ և փող նման թիմ հավաքելու համար։ Բացի Փաշինյանի և այլոց թիմերի որակներից՝ առավել լուրջ խնդիր էլ կա. դա պետաշխատողների մասնագիտական՝ հիմնականում միջակ որակի և անարդյունավետության հարցն է։ Օլիգարխիայի արդյունքում ծնված այս կադրային բազան կարող է տապալել ցանկացած, այսպես կոչված, ուժեղ թիմի ծրագրերը։

– Երրորդ քննադատությունն այն է, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները դասական գաղափարախոսության հետևորդներ չեն՝ լինի ազգայնականություն, ազատականություն, սոցիալիզմ, սոցիալ-դեմոկրատիա կամ մեկ այլ գաղափարախոսություն։

– Հայաստանում գաղափարախոսություն բառը ընկալելի է շատ նեղ, այլախոհ և մինչև վերջերս ընդհատակյա գործող փոքրաթիվ մարդկանց։ «Քաղաքացու որոշում»՝ «ՔՈ սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունն առաջիններից մեկն էր, որ հստակ կանոնակարգված գաղափարային ծրագիր է ներկայացրել։ Նրանք ապագայի կուսակցություն են, հուսադրող,  բայցևայնպես առայժմ բացառություն՝ մի քանի ազատական և արևմտամետ փոքր կուսակցությունների հետ մեկտեղ։

Հայաստանում ընդհանրապես գաղափարախոսական քաղաքական միտքը սաղմնային վիճակում է, ուստի գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների հանրային պահանջ չկա։ Ավելին՝ երկրի, այսպես կոչված, էլիտան դեռ չի կարող ծրագրել ազգային ապագան՝ գաղափարախոսական գործիքներով։ Այսինքն՝ այն չի կարողանում համակարգված քաղաքական աշխարհայացք արտադրել։ Կրթված և տնտեսապես ապահով խավը, որն իրեն էլիտա է համարում, առավելագույնս կարող է հղումներ անել տարբեր «իզմ»-երի՝ առանց դրանց հետևողական կիրառմանը՝ իբրև ազգային խնդիրների լուծումների մեխանիզմ։

Այսպես կոչված, էլիտան հիմնականում պարփակված է կցկտուր վախերով։ Օրինակ՝ Արցախի ապագան, ռուսների տատանվող տրամադրությունը հայերի և Հայաստանի նկատմամբ, Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, եվրոպական լիբերալ ազատական կենսակերպը, միասեռականները, Սորոսը, պանթուրքիզմը, նավթի բացակայությունը, թուրք-ադրբեջանական շրջափակումը և այլն։

Էլիտայի պատասխանը այս վախերին հիմնականում հանգում է հետևյալին՝ Հայաստանը պիտի լինի հզոր՝ իր հսկայական Սփյուռքով, չունենա աղքատներ, նախընտրելի է, որ լինի Իսրայելի նման հզոր այս տարածաշրջանում, և տեսնի, որ աշխարհը ինքն իրեն հասկանում և ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և վերջապես, Հայաստանը առևտուր է անում մյուս տերությունների հետ, ստանում ներդրումներ, բայց մնում է քրիստոնյա ուղղափառ պահպանողական Ռուսաստանի դաշնակից, որը աշխարհաքաղաքական հարցերում ավելի դրական կերպար է հայերի համար, քան անվստահելի Արևմուտքը։ Նման պարագայում բնավ զարմանալի չէ, որ իրական գաղափարախոսական առանցքը բացակայում է կուսակցությունների մոտ։ Որոշների մոտ այն թղթի վրա է, բայց իրենց մոտեցումները ըստ այդ գաղափարախոսության չեն կազմվում։

Ավելին՝ այս հեղափոխությունը հատկապես հեռու է մնացել «իզմ»-երից՝ գաղափարախոսությունից, քանի որ այն ժողովրդական նորօրյա շարժում է, որ չի տեղավորվում մեկ «իզմ»-ի մեջ։ Սա նորմալ է՝ հաշվի առնելով այն, որ աշխարհում այլուր ևս նմանօրինակ զարգացումներ են գնում։ Թեև պետք է նշել, որ տնտեսական կառավարման առումով ներկայիս իշխանությունները կարծես որդեգրել են ոչ պոպուլյար ազատական գաղափարախոսությունը՝ գոնե պետության դերի և պետական ապարատի կտրուկ նվազեցման առումով։ Պետությունը միայն խաղի կանոններ հաստատող է, բայց ոչ՝ տնտեսական խաղացող։

– Դուք արդեն անդրադարձաք այն մտավախությանը, որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը կարող է սերտաճել գործադիր մարմնին։ Իսկ այս խնդիրը, մտավախությունը, ըստ էության, կապվա՞ծ է այն հարցի հետ, թե ինչու տապալվեց ռեժիմը, ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը, կամ ինչու էր այն անհրաժեշտ. որովհետև նախկին իշխող ուժը սերտաճել էր, նույնականացել էր պետության հետ և, բռնազավթելով իշխանությունը, զբաղվում էր կոռուպցիայով ու հարստություն կուտակելով։ Փաշինյանի թիմում սկզբունքային, քաղաքական մտածելակերպ ունեցող մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, ավելի շատ են։ Փաշինյանն ի սկզբանե ասել է, որ իշխանության է եկել ժողովրդի պահանջները, հեղափոխության գաղափարներն ի կատար ածելու, ոչ թե աթոռից կառչելու համար։ Բայց որոշ պարագաներում մենք տեսնում ենք, որ քաղաքական շահերը, նպատակահարմարությունը երբեմն գերակայում են սկզբունքներին, և որոշ թեկնածուներ հաճույքով օգտվեցին ՀՀԿ-ին նախորդ բոլոր ընտրություններում ծառայություն մատուցած մարդկանց ծառայությունից։ Եթե հաշվի առնենք այն, որ Փաշինյանի գլխավորած ուժը չունի խիստ չափանիշներ ու սկզբունքներ, թե ով պիտի դառնա այդ կուսակցության անդամ, իսկ ով՝ ոչ, չկա՞ վտանգ, որ «Իմ քայլը» դաշինքը կգնա ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի ճանապարհով։

Վտանգը միշտ կա Հայաստանում, քանի դեռ չի վերացել օլիգարխիկ տնտեսական համակարգը, որը սնում է նման հիվանդոտ քաղաքական համակարգը։ Վտանգը կա, քանի դեռ չի տրվել քաղաքական գնահատական հին ռեժիմին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և հին ռեժիմին ծառայող այլ «կուսակցությունների», չեն բացահայտվել նախկին ռեժիմին ծառայող հ/կ-ների, քաղաքական ակումբների, հետազոտական ինստիտուտների և կեղծ կուսակցությունների դերը, ֆինանսավորման և գործունեության մեխանիզմները։ OSINT-ի միջոցով (բաց տեղեկատվության ուսումնասիրություն) անգամ հեռվից շատ հեշտ է ցուցակագրել նման հանրային և քաղաքական գործիչներին։ Անհանգստացնող է, որ այս մարդիկ ոչ միայն հանրորեն չեն բացահայտվել, այլև անգամ ազգայնականության և պետականաշինության անվան տակ կուսակցություններ են հիմնում։

Սա նշանակում է, որ ևս մեկ անգամ ստեղծվում են հիմնականում կեղծ կուսակցություններ։ Նրանց քննադատությունը լինելու է ոչ կառուցողական, կենտրոնանալու է կեղծ օրակարգի վրա և ի վերջո նպաստելու է իշխող ուժի քաղաքական որակի հետագա անկմանը։ Թերևս միակ լուծումը «Իմ քայլը» դաշինքի և երիտասարդ թևի վերաինտեգրումն է ապագայում։

– Շատերը Փաշինյանին ձայն չտալու իրենց դիրքորոշումը բացատրում էին այն մոտեցմամբ, որ պետք է հակակշռել խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստացած քաղաքական ուժին։ Բայց չե՞ք կարծում, որ զսպումների և հակակշիռների մեխանիզմը միայն ընդդիմադիր կուսակցությունների դերակատարմամբ չի սահմանափակվում և պիտի դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որ ուժային կառույցները, անվտանգության մարմինները մեծ կախվածություն չունենան գործադիր մարմնի ղեկավարից և կամայականության ռիսկեր չառաջացնեն։

– Այո, իրական զսպումների համակարգը շատ ավելի լայն և բազմաշերտ պիտի լինի՝ ներառելով մամուլը, տարբեր սոցիալական խմբերի, բիզնեսի շահերը պաշտպանող խմբերի շահերը։

Այն, որ հին ռեժիմը հետաքրքրված չէ նոր քաղաքական մշակույթով, այլ ցանկանում է հետ գալ և անժամկետ պահել իշխանությունը օլիգարխիայի համար, արդեն իսկ մեծ վտանգ է։ Առերևույթ թվում է, թե հին ռեժիմի հետ կապված հին և նոր ստեղծվող կուսակցությունները հակակշիռ են Փաշինյանին։ Բայց այս նեպոտիստական ցանցի նպատակը իշխանության վերազավթումն է։

Երկրորդ պրոբլեմը ակտիվ քաղաքական կյանքի մեջ չգտնվող, այսպես կոչված, էլիտայի քաղաքական գիտակցությունն է և մտավոր ներուժը։ Երկուսն էլ թույլ են, այդ պատճառով էլ այն թույլ և ոչ կառուցողական հակակշիռ կլինի։

Երրորդ խնդիրը մամուլն է, որին թերևս պիտի առաջին հերթին նշեի։ Մամուլը հսկայական զսպիչ դեր ունի, բայց հետևելով վերջին ամիսների մամուլի աշխատանքին՝ պետք է նշել, որ մեդիան չի կարողանում գոնե իր նվազագույն ֆունկցիան կատարել՝ ապահովել անաչառ տեղեկատվություն։ Նման մամուլ ունենալը, ինձ թվում է, վտանգավոր է պետության համար։ Այն մասշտաբի ապատեղեկատվական արշավները, որ մենք տեսանք վերջին ամիսներին, իսկապես լուրջ խնդիր են։ Մամուլը ցածր մակարդակի վրա է գտնվում, ուր ֆեյսբուքյան անձնական և լրագրության հետ կապ չունեցող պոստերը հրապարակելու արտառոց երևույթը դարձել է նորմ։

Լուրջ խնդիրներ կան մամուլի ֆինանսավորման թափանցիկության հետ։ Կուսակցությունները, մամուլը և էլիտան պետք է ստեղծեն, այսպես կոչված, զսպումների և հակակշիռների, վերահսկողության մեխանիզմները։ Բայց գոյություն ունեցող կուսակցությունների մեծ մասն ընդամենը խմբակներ են՝ հաճախ դրսից ուղղորդվող, այս դեպքում՝ կոնկրետ Ռուսաստանից, և ֆինանսավորվում են անհասկանալի ծագմամբ փողերով։ Դրանց շարունակությունը ստվերային ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցներն են և սոցիալական ցանցերի «ֆեյք»՝ կեղծ օգտատերերը, որոնք իրականացնում են ապատեղեկատվական կամպանիաները։

– Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ի լեգիտիմության հարցը պե՞տք է բարձրացվի՝ հաշվի առնելով այն համակարգը, որ այս ուժը եղել է տապալված կոռումպացված համակարգի հիմնական հենասյունը։

Այո, դա միանշանակ է։ ՀՀԿ-ի իշխանության տարիներին բնակչության հսկայական արտահոսք է եղել, խայտառակ աղքատություն և բնակչության մեծ կորուստ և նաև՝ տարածքային կորուստներ։ Սրանք սովորական ձախողումներ չեն։ Նման ձախողումներով նրանք երկրի ապագան են դրել կասկածի տակ, և ինքը՝ հանրությունը, պետք է որոշի, թե ինչպես նրանք պիտի պատժվեն։

Ընտրությունների լավագույն արդյունքներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն չկարողացավ մտնել խորհրդարան։ Ցավալի է, որ ԲՀԿ-ն, որ հին ռեժիմի նեպոտիստական ցանցի մի մասն է, մտավ խորհրդարան։ Ինչպես արդեն ասացի՝ ՀՀԿ-ն նեպոտիստական խումբ է, որի նպատակը իշխանության և երկրի տնտեսության մոնոպոլիզացիան է և այն նեղ խմբի շահերի օգտին ծառայեցնելը։ Այս ցանցը օլիգարխիկ համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը դեռ միանգամայն ուժեղ է Հայաստանում։ ՀՀԿ-ն շատ արագ վերարտադրվելու է այլ անուններ ունեցող նոր կուսակցություններով։ Ընտրություններից հետո այս գործընթացն արդեն սկսվել է։ Ի դեպ, այս կուսակցությունների մարտավարությունը նման է կրեմլյան այն կուսակցություններին, որ ստեղծվեցին Ուկրաինայում։ Նրանք բոլորն էլ շեշտում են պահպանողական արժեքները և ազգային անվտանգությունը՝ սովորաբար մեղադրելով հեղափոխականներին երկիրը, հողերը վաճառելու մեջ։ Սա վաղուց փորձված մարտավարություն է։

Օրինակ՝ նախընտրական պայքարում ՀՀԿ-ն երեք կետերի վրա էր հենվում։ Հիմնական մարտավարությունը «սև քարոզչությունն» էր։ Այս մարտավարությունը շատ նման է Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող այն կուսակցությունների մարտավարությանը, որոնք պայքարում էին Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխություններից հետո իշխանության եկած ուժերի դեմ։ ՀՀԿ-ն գրեթե արտատպել էր այդ ուժերի մարտավարությունը։ Հանրապետականները քարոզարշավը կառուցել էին կեղծ պահպանողականության,  անվտանգության սպառնալիքների ու վախերի վրա, որոնք հիմնականում կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Դրանց հիմնական նպատակը մարդկանց վախեցնելն էր, նրանց վախերի վրա խաղալը, որ եթե իրենց չընտրեն, գոնե ձայն չտան «Իմ քայլը» դաշինքին։

– Բայց անհեթեթություն չէ՞ր նման կարգախոսների վրա քարոզարշավ իրականացնելը։

– Ոչ, որովհետև նեգատիվ քարոզարշավի նպատակը ոչ թե ձայն հավաքելն է, այլ ջուրը պղտորելն ու թույլ չտալը, որ լինեն առողջ քննարկումներ տարբեր նոր ձևավորվող կուսակցությունների միջև։ Նրանք փորձում էին բարձր և անիմաստ աղմուկով աղտոտել և վերահսկել քաղաքական դաշտը, որովհետև ոչինչ չունեն առաջարկելու, և այդ աղմուկը վնասում է բոլորին, հատկապես պետությանը։

Եվ հետաքրքիր է, որ ՀՀԿ անդամները իրենց ներկայացնում են որպես պետական, պետականամետ փորձառու գործիչներ: Իրականում այդ սև քարոզարշավը պետության հիմքերն է թուլացնում և առաջինը հարվածում է իշխող կուսակցությանը, որովհետև երկարատև քարոզչական պատերազմը սկսում է մարդկանց մեջ առաջացնել կասկած, հիասթափություն։

Օրինակ՝ «դիկտատուրայի», «Ղարաբաղը հանձնելու» մասին հայտարարությունները նպատակ ունեին հող նախապատրաստելու դժգոհության համար։ Անընդհատ տարածվող ապատեղեկատվության, սև քարոզչության հետևանքով մարդիկ ի վերջո մոռանում են, թե ինչից են դժգոհ, բայց հիշում են, որ կա դժգոհություն։ Այս սցենարը խաղարկել են նաև Կրեմլին սպասարկող կուսակցությունները Ուկրաինայում։

Առայժմ այս քարոզարշավը ուկրաինական ծրագրով է շարունակվում։ Գրեթե չեմ կասկածում, որ ՀՀԿ-ն և նոր ձևավորվող մի քանի կուսակցություններ ամենայն հավանականությամբ կստեղծեն ընդդիմադիր ինչ-որ բևեռ, որի նպատակը կլինի որքան հնարավոր է շատ դժգոհության ալիք  առաջացնել։ Եվ եթե նույնիսկ ՀՀԿ-ն ցրվի, դրա փոխարեն կստեղծվեն նոր ուժեր, որոնք կզբաղվեն վախի պրոպագանդայով։ Այս տակտիկան՝ վախի և ապատեղեկատվության համակցությունը, կիրառվում է նաև Վրաստանում և Ուկրաինայում։ Դա լինելու է նշված ուժերի տակտիկան մոտակա 4-5 տարիներին, մինչև որ այդ խումբը կրկին չվերագտնի իրեն և հետ գա իշխանության։

Քաղաքական այս տեխնոլոգիաներով առաջնորդվող ուժերը սիրում են ասել, որ չկա հանրություն, կա ամբոխ, և այդ ամբոխին կարելի է մանիպուլացնել։ Սա եղել է և կշարունակի մնալ իրենց համոզմունքը և կորոշի իրենց մարտավարությունը։

Կշարունակվի շեշտը դրվել առաջինը՝ ազգային նկարագրի կորստի և երկրորդը՝ այն վախերի վրա, որ «Ղարաբաղը վաճառվելու է», և ցանկացած քայլ դեպի Եվրոպա կհանգեցնի հայկական ինքնության կորստին։

Կեղծ պահպանողականությունն ու փոքրամասնությունների հարցը ակտիվացվում են ցանկացած արևմտամետ քայլի դեպքում։ Ղարաբաղյան հարցի շահարկումը նույնպես դրա համար է ակտիվացվում։ Եթե նկատել եք՝ դա անվանում են «Բոլթոնի ծրագիր», «Բոլթոնի պլան»։ Նորից՝ Արևմուտքի հետ ցանկացած ինտեգրացիան համարվում է վատ և կործանարար։

Երրորդը եկեղեցու վրա շեշտը դնելն է։ Դրան հակառակ՝ նրանք ասում են, որ հեղափոխականները «արևմտյան աղանդավորներ են»։ Կամ տարվում է հակառակ տակտիկան՝ հեղափոխականներին մեղադրում են Ռուսաստանի գործակալ լինելու մեջ։ Սա գրեթե դասագրքային, կրեմլյան մոտեցում է։ Խորհրդանշական է, որ ՀՀԿ-ի այս մարտավարությունը ղեկավարում է հենց Վիգեն Սարգսյանը, որ գոնե արևմտյան փորձագիտական շրջանակում միշտ ընկալվել է իբրև «Կրեմլի մարդ», ուստի նրա ընտրությունը զարմանալի չէր։ Զարմանալին թերևս այն է, որ, չգիտես ինչու, Հայաստանում նրան համարում են արևմտամետ գործիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում