Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացած մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Մահմուդ Աբասի ադրբեջանական այցը պատմական է, քանի որ դա Պաղեստինի ղեկավարի առաջին ադրբեջանական այցն է.
«Ադրբեջանի և Պաղեստինի միջև կապերը զարգանում են։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր կապերը զարգանան բոլոր ոլորտներում ու ուղղություններով, և համագործակցենք նաև տնտեսական ոլորտում։
Մեր քաղաքական կապերը նույնպես գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Ձեր այցը դրա վառ օրինակն է։ Մի քանի ամիս առաջ Ադրբեջանում սկսեց գործել Պաղեստինի դեսպանատունը։ Դա ևս շատ կարևոր իրադարձություն է։
Ադրբեջանը բոլոր միջազգային կառույցներում աջակցում է Պաղեստինին։ Մենք կարծում ենք, որ շուտով պետք է ստեղծվի անկախ, ինքնիշխան Պաղեստին, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը»։
Ալիևը Մահմուդ Աբասին իրազեկել է նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այժմ լավ հարաբերություններ է պահպանում նաև Իսրայելի հետ։











































