Google ընկերությունը երեքշաբթի օրը ներկայացրել է Google Plus սոցիալական ցանցը, որը, իր ստեղծողների մտահղացմամբ, պետք է լուրջ մրցակցության մեջ մտնի Facebook-ի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Google Plus-ի ամենամեծ առավելություններից մեկը պետք է լինի օգտատիրոջ հաշվի հեշտ կարգավորումը, ինչը Facebook-ում, ըստ մասնագետների, բավական դժվար համակարգ է: Google Plus-ը նաև հնարավորություն է տալու ստեղծել ընկերների առանձին խմբեր՝ «շրջանականեր» և յուրաքանչյուր նմանատիպ շրջանակի համար սահմանել հատուկ կարգավորումներ:
Ընկերության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր սոցցանցը հիմա գտնվում է թեստային ռեժիմում: Իսկ գրանցվել հնարավոր է միայն էլ. նամակներով ստացված հրավերներով: Չի պարզաբանվել, թե երբ է Google Plus-ը հասանելի լինելու բոլորի համար:
Հիշեցնենք նաև, որ Google-ը ժամանակին ստեղծել է մեկ այլ սոցցանց՝ Google Buzz-ը, որն, այդուհանդերձ, մեծ ոգևորություն չառաջացրեց և ընդհանրապես չկարողացավ մրցակցության մեջ մտնել Facebook-ի հետ: