«Դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողում ԼՂՀ տարածքի հանձնման մասին ոչ մի պայմանագիր չի ստորագրվի, քանի որ ՀՀ նախագահը անզիջում է այդ հարցում»,- մամլո ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց «Սողոմոն Թեհլերյան» ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Դանիելյանը: Բանախոսը նաև հիշեց հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բանակցություններում ՀՀ իշխանությունների «գերազանց» քաղաքականությունը, ինչպես նաև խոսեց ներքին քաղաքական ու տնտեսական իրավիճակից:
Անդրադառնալով տնտեսությանը` Դանիելյանը նշեց, որ հատկապես անմխիթար է գյուղացու վիճակը: «Անհրաժեշտ է ցածր` 2 տոկոսադրույքով վարկեր տրամադրել գյուղացուն` իրավիճակը մեղմելու համար»,- կարծում է Դանիելյանը: Խոսելով գնաճի մասին` բանախոսը այն համարեց նորմալ համաշխարհային ճգնաժամից հետո, և պայմանավորեց հումքի գնի աճով:
Մեր հարցին, թե ի՞նչ գործունեությամբ է զբաղվում իր ղեկավարած ՀԿ-ն` Դանիելյանը պատասխանեց. «Մենք «Ուրարտու» կոմբինատն ենք և զբաղվում ենք մսամթերքի արտադրությամբ»: Հարցը վերաձևակերպելուց հետո նա հասկացավ, որ խոսքը իր բիզնեսի մասին չէ, այլ հասարակական կազմակերպության, և շարունակեց. «Սողոմոն Թեհլերյան»-ը հայրենասիրական ՀԿ է: ԱՄՆ-ում հրատարակել ենք «Սողոմոն Թեհլերյան» երկու հատորից բաղկացած ժողովածուն: Այժմ էլ, չնայած մեր սուղ բյուջեին, ուժերի ներածի չափով օգնում ենք մեզ դիմած անձանց: