Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Աստանայում ելույթ ունենալով Իսլամական կոնֆերանս կազմակերպության (վերանվանված Իսլամական համագործակցության կազմակերպություն) 38-րդ նստաշրջանում՝ անդամներին կոչ է արել աջակցել Ադրբեջանին ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու հարցում.
«2011 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նիստի ընտրություններում Ադրբեջանն առաջադրել է իր թեկնածությունը՝ 2012-2013 թվականներին ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալ դառնալու համար։ Իսլամական աշխարհին անհրաժեշտ է սեփական ներկայացուցիչն ունենալ ՄԱԿ ԱԽ-ում։ Դրա համար էլ մենք վստահ ենք, որ այդ երկրները մշտապես կաջակցեն Ադրբեջանին։
ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու թեկնածու արևելաեվրոպական երկրների թվում Ադրբեջանն այն միակ երկիրն է, որը չի հանդիսանում ԵՄ-ի անդամ և չի հարում որևէ քաղաքական կամ ռազմական դաշինքի»։
Մամեդյարովը նաև իսլամական աշխարհին և ԻԿԿ գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար։
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամների ընտրությունը կայանալու է այս տարվա հոկտեմբերին Նյու Յորքում։