ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է աֆրիկյան տարածաշրջանի ռազմավարությունը, որի նոր ուղղությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցությունն է, այլ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարը, գրում է The Wall Street Journal-ը:
Ամերիկյան նոր ռազմավարության հաջողությունը Աֆրիկայում կախված է Վաշինգթոնի տարածաշրջանում ունեցած տնտեսական կապերից, գրում է WSJ-ը ՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերը:
Վաշինգթոնը մտադիր է աֆրիկյան երկրներին Պեկինի և Մոսկվայի հետ գործընկերության այլընտրանք առաջարկել: Ըստ Բոլթոնի, տարածաշրջանում ամերիկյան ռազմավարության հայեցակարգը հիմնված է «անկախության, ինքնուրույնության և աճի», այլ ոչ թե «գերակայության ու պարտքի» վրա:
Միացյալ Նահանգները մտադիր է հակադրվել Ռուսաստանին և Չինաստանին արտաքին աջակցության ծրագրերի բարեփոխման միջոցով, միաժամանակ խորացնելով տնտեսական և անվտանգության ոլորտում եղած կապերը: Հիմնականում ռազմավարությունը կիրականացվի առևտրի, և ոչ վարկերի ու սուբսիդիաների միջոցով: Բացի այդ, Վաշինգթոնի նպատակն է ԱՄՆ ներդրումներին աջակցությունը ամբողջ մայրցամաքում, միջին դասի աճը և տարածաշրջանում գործարար միջավայրի բարելավումը: