Հունվարից 29-ին սկսվող եվրոպացի ավիակարգավարների երկօրյա գործադուլը կարող է հանգեցնել որոշ երկրների չվացուցակների խափանման: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ավիակարգավարների եվրոպական արհմիությունների համակարգման կոմիտեն (ATCEUC) մտադիր է բողոքի ակցիա անցկացնել «Բաց եվրոպական երկինք» նախաձեռնության իրականացման ԵՄ ծրագրերի դեմ: Այն ուղղված է ԵՄ երկրներում թռիչքների վերահսկման համակարգի բարեփոխմանն ու ազատականացմանը:
Նախագծի հեղինակների կարծիքով՝ այդ նախաձեռնության կյանքի կոչումը թույլ կտա մեծացնել եվրոպական ավիացիայի ուղևորահոսքը և նվազեցնել ձգձգումները:
Կարգավարները մտավախություն ունեն, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է միջոցների տնտեսումը, ինչը կհանգեցնի կրճատումների և բացասաբար կազդի թռիչքների անվտանգության վրա:
Ինչպես սպասվում է, գործադուլին կմասնակցեն Ավստրիայի, Հունգարիայի, Հունաստանի, Իտալիայի,Կիպրոսի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի և Չեխիայի ավիակարգավարները:
Մեծ Բրիտանիան գործադուլին չի մասնակցում, սակայն բրիտանական British Airways և EasyJet ավիաընկերությունները նշել են, որ իրենց թռիչքների վրա հիմնականում կազդեն գործադուլներն Իտալիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում, որոնք ձմեռային շրջանում զբոսաշրջային հայտնի գոտիներ են:











































