Այսօր Լիսաբոնում բացվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը։ Պորտուգալիայի մայրաքաղաք են սկսել ժամանել բարձրաստիճան հյուրեր։ Սպասվում է, որ մի քանի ժամից Լիսաբոնի գագաթնաժողովին ներկա կգտնվեն աշխարհի 40 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ։ Ենթադրվում է, որ այսօր և վաղը Լիսաբոնում Օբաման մի քանի երկկողմ հանդիպում կունենա, այդ թվում Վրաստանի նախագահի հետ։ Այսպիսով, Օբաման վերջապես ժամանակ կգտնի Վրաստանի առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման համար։ Սպիտակ տունը հաղորդել է, որ հանդիպումը լինելու է փակ դռների ետևում։ ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի գործերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։