ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վերջնականապես չեղյալ է համարել Կալիֆոռնիա նահանգի այն օրենքը, որն արգելում է երեխաներին վաճառել վիդեոխաղեր, որոնցում կան բռնության տարրեր: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը:
9 դատավորներից բաղկացած կոլեգիան (ձայները բաշխվել են 7 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ) որոշել է, որ տվյալ արգելքը խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղումը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը: «Չնայած նրան, որ նպատակը երեխաներին պաշտպանելն է, Սահմանադրությունը պետք է սահմանափակի տեղական իշխանությունների գործողությունները», – զետեղված է փաստաթղթում, որը ներկայացրել է դատավորների ներկայացուցիչ Անտոնի Սկալյան:
2005 թ. Կալիֆոռնիայի օրենսդիրներն արգելել են «բիրտ» խաղերի վաճառքն ու վարձակալությունը՝ հղում անելով պատգամավորների կողմից ներկայացված հետազոտություններին, որում ասված է, որ նման զվարճանքները ծնում են ագրեսիա, փոքրացնում են գլխուղեղի ճակատային հատվածի ակտիվությունը և ձևավորում են հակասոցիալական վարքագիծ: Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել էր այս օրինագիծը, սակայն այն ուժի մեջ չէր մտել, քանի որ դրանից հետո բազմաթիվ բողոքարկումներ էին ներկայացվել ավելի ցածր ատյանի դատարաններ:
Դատավոր Սկալյան ասել է, որ Սահմանադրության տեսակետից վիդեոխաղերը պրակտիկորեն ոչնչով չեն տարբերվում գրքային արտադրանքից: «Անկասկած, Դանթեի ընթերցումն ավելի շատ է կրթում, քան Mortal Сombat խաղը: Սակայն Սահմանադրությունը չի քննարկում ինտելեկտուալ և մշակութային տարբերությունները»,- գրել է նա եզրակացության մեջ: Կալիֆոռնիայում արգելված վիդեոխաղերի մեջ էին Call of Duty և Grand Theft Auto խաղերը:
Խաղեր արտադրող ընկերությունները պնդում են, որ իրենց վարկանիշային համակարգը արդյունավետ կերպով սահմանափակում է խաղերի վաճառքը 17 տարեկանից ցածր երեխաներին, որը հաստատվել է 2009 թ. ԱՄՆ Առևտրի դաշնային ծառայության կողմից:











































