Friday, 01 12 2023
Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը
11:00
Նավթի գները նվազել են – 30-11-23
Դոնի Ռոստովի խոշորագույն շուկայում հրդեհ է բռնկվել
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին

Փաշինյան vs Լուկաշենկո մենամարտը չկայացավ. վարչապետի հագեցած օրակարգը՝ Պետերբուրգում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օրակարգն այս օրերին գերհագեցած է: Փաշինյանը զբաղված է ոչ միայն Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավով՝ որպես «Իմ քայլը» դաշինքի առաջատար, այլ կարևոր պետական գործերով: Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, նախատեսված էին ոչ միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստերը, այլև ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) երկրների ղեկավարների հանդիպումը: Եվ պետերբուրգյան գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը կապված էր հենց ՀԱՊԿ-ի նիստի հետ, քանի որ սպասվում էր, որ ՀԱՊԿ առաջնորդները կքննարկեն կազմակերպությանը ճգնաժամային վիճակի հասցրած նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Սակայն քննարկումը հետաձգվեց անորոշ ժամկետով: Տեղի ունեցան միայն ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի նիստերը: Հետագայում հաստատվեց, որ ՀԱՊԿ առաջնորդներն իսկապես այդ հարցը չեն քննարկել դռնփակ բանակցությունների ժամանակ:

Փաշինյան vs Լուկաշենկո մենամարտը հետաձգվեց

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին ազատելուց հետո մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի ադրբեջանամետ խմբավորման՝ Ղազախստանի և Բելառուսի միջև առաջացած տարաձայնությունը Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հաջորդած շաբաթներին վերածվեց իսկական առճակատման Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև: Հայկական կողմը մատնանշում էր այն փաստը, որ Խաչատուրովն ընդամենը մեկուկես տարի է պաշտոնավարել, մինչդեռ ըստ գլխավոր քարտուղարի ընտրության ռոտացիոն սկզբունքի՝ կազմակերպության անդամ պետության ներկայացուցիչը երեք տարի է պաշտոնավարում, հետևաբար հաջորդ մեկուկես տարիներին էլ կազմակերպության ղեկավարը պիտի լինի ՀՀ ներկայացուցիչը: Իսկ Ղազախստանի ու Բելառուսի նախագահները պատճառաբանում էին, թե Հայաստանի ներկայացուցիչն այդ կարճ ժամանակահատվածում չի կարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել: Բացի դրանից՝ Հայաստանի ներքաղաքական բարդ վիճակը, ինչպես նաև նախագահությունը ԵԱՏՄ-ում թույլ չեն տա կենտրոնանալ միջազգային հարցերի վրա: Սա, իհարկե, պաշտոնական պատճառաբանությունն էր: Իսկ ոչ պաշտոնականը՝ այն, որ Լուկաշենկոն ու Նազարբաևն ըստ էության օգտվում են հուլիսի վերջին ՀԱՊԿ-ի հանդեպ թույլ տված անզգուշությունից, երբ Հայաստանի իրավապահ մարմինները մեղադրանք առաջադրեցին ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ առանց նախապես այդ հարցը գործընկեր պետությունների հետ քննարկելու: Եվ դա Մինսկում, Աստանայում և Մոսկվայում ընդունվեց որպես քայլ կազմակերպության դեմ: Աստանան ու Մինսկը կարծում են, որ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ըստ ռոտացիոն սկզբունքի ու ռուսական այբուբենի տառերի հերթականության՝ Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Եվ քանի որ Բելառուսի նախագահը հետագայում հարցը հրապարակայնորեն քննարկեց Ադրբեջանի դեսպանի հետ, Ադրբեջանի նախագահն էլ հրապարակային արտահայտություններ թույլ տվեց Հայաստանի հասցեին այս հարցի առնչությամբ, խնդիրը քաղաքական լուրջ երանգներ ստացավ և վերածվեց սկզբունքային հարցի, անձնական ու ազգային պատվի խնդրի առաջին հերթին Փաշինյանի համար:

Այնպես որ, վերլուծաբաններն իսկական մենամարտ էին կանխատեսում Պետերբուրգում «քաղաքական ծանրքաշային» Լուկաշենկոյի և «հեռանկարային նորեկ» Փաշինյանի միջև: Թերևս մնում էր, որ բուքմեյքերական ընկերություններն էլ խաղադրույքներ սահմանեին՝ ո՞վ կհաղթի: Տարբերակները երեքն էին՝ կա՛մ կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, կա՛մ Բելառուսինը, կա՛մ հարցը կհետաձգվի և գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի իրականացնել ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը: Ու ինչպես սպասվում էր՝ ընտրվեց երրորդ տարբերակը: Կիրակի օրը Փաշինյանը տեղեկացրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում որոշում է կայացվել հետաձգել ՀԱՊԿ-ի հանդիպումը, քանի որ կողմերին առայժմ չի հաջողվել փոխհամաձայնության հասնել խնդրի շուրջ, և ավելի լավ է՝ «աշխատանքային կարգով» քննարկել հարցը, փորձել հասնել կոնսենսուսային լուծման և հետո միայն հանդես գալ պատրաստի որոշումներով։ Փորձագետների կարծիքով՝ այս որոշումը ձեռնտու է ԱԺ ընտրություններին նախապատրաստվող Փաշինյանի համար, քանի որ հարցի այնպիսի լուծումը, որը չի լինի հայկական կողմի օգտին, կարող է ազդել Փաշինյանի վարկանիշի և ընտրությունների արդյունքների վրա: Բելառուսցի վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը չպարտվեց այս փուլում, ոչ ոքի խաղաց, ինչը վատ արդյունք չէ նրա համար:

Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ նոր շենքում

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված աննախադեպ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող 11 ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ շուրջ երեքուկես ժամ տևած՝ բավական ծանր բանավեճից անմիջապես հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց «Զվարթնոց» օդանավակայան: Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պիտի մեկներ Պետերբուրգ՝ մասնակցելու կարևոր հանդիպումների: Պատվիրակության կազմում էին փոխվարչապետի, փոխարտգործնախարարի պաշտոնակատարները, վարչապետի ավագ խորհրդականը և այլ պաշտոնյաներ: Կառավարական ինքնաթիռը Ռուսական կայսրության երբեմնի ցրտաշունչ մայրաքաղաք ժամանեց ուշ երեկոյան:

Օդանավակայանում վարչապետի պաշտոնակատարին դիմավորեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ. Տողանյանն ու գլխավոր հյուպատոս Հ. Կարապետյանը: Աշխատանքային այցը սկսվեց վաղ առավոտյան: Նախ, Փաշինյանը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Հայաստանը նոր շենք է ստացել Վասիլևսկի կղզու Բոլշոյ պողոտայում: Գլխավոր հյուպատոսության նախկին՝ ոչ այնքան բարեկարգ, տարածքով ավելի փոքր շենքի փոխարեն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Պետերբուրգում այժմ տեղակայված կլինի բարեկարգ, 320 քառ/մետր տարածք ունեցող շենքում, որը կառուցվել է 1912 թ. և վերանորոգվել է հայ համայնքի միջոցներով: Շենքը 49 տարով և, ընդ որում, անվարձահատույց տրվել է Հայաստանի Հանրապետությանը: Գլխավոր հյուպատոսության նոր շենքում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին դիմավորեցին Լենինգրադի նահանգային իշխանության ներկայացուցիչները՝ փոխնահանգապետ Աննա Մետյանինայի գլխավորությամբ: Վերջինս շնորհակալություն հայտնեց Փաշինյանին շենքի բացման արարողությանը մասնակցելու համար և ողջունելով նահանգապետի պաշտոնակատարի անունից՝ նրան հանձնեց Սանկտ Պետերբուրգի պատկերով հուշանվեր, որը, նրա խոսքերով, հաջողություն է բերում:

Քաղաքական փոփոխությունները վերափոխել տնտեսական հեղափոխության

Հետո եղավ հանդիպում տեղի հայ համայնքի հետ: Մինչ այդ նա մասնակցեց մոմավառության հայկական Սուրբ Կատարինե եկեղեցում: Պետերբուրգի հայերին ամենատարբեր հարցեր էին հետաքրքրում՝ Հայաստանում անցումային արդարադատության կիրառումից, ընտրություններից՝ մինչև կոռուպցիայի դեմ պայքար և այլ կարևոր խնդիրներ: Եղան նաև մարդիկ, ովքեր անձնական հարցերով դիմեցին վարչապետի պաշտոնակատարին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կառավարության ձեռքբերումներին՝ ասելով, որ, օրինակ, ապրիլյան թավշյա հեղափոխությունից մինչ այժմ Հայաստան ավելի շատ մարդ է եկել, քան հեռացել, և սա նոր կառավարության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: Իշխող քաղաքական ուժն իր առջև խնդիր է դրել Հայաստանի բնակչության թիվը առաջիկա 20 տարիների ընթացքում կրկնապատկել: Փաշինյանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ, իր թիմի նպատակն ու խնդիրը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները տնտեսական հեղափոխության վերափոխելն է:

«Այսօր տեղի ունեցող պրոցեսներն արդեն իսկ վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Եվ այստեղ, իհարկե, մենք բոլորս հույս ունենք նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ներդրումների վրա: Այսօր մի քանի ներդրումային ծրագրեր կան, որոնք հայկական ներդրումային ծրագրեր են, և եթե այն, ինչ պլանավորվում է, իրականություն դառնա՝ արդեն 2019 թ. մեր երկրի տնտեսական կերպարն ամբողջովին ուրիշ կլինի, և մենք առաջին քայլերը կկատարենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին»,- շեշտեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Գաղտնալսումը ռոումինգի պատճառով է եղել

Փաշինյանին, բնականաբար, հարցրեցին իր, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հուլիսյան հեռախոսազրույցների հայտնի գաղտնալսման մասին, որի, այսպես ասած՝ երկրորդ սերիան անհայտ անձինք համացանցում հասանելի դարձրեցին երեկ՝ նախընտրական բանավեճից ժամեր առաջ: Փաշինյանը շեշտեց, որ նոր հրապարակված ձայնագրությունը որևէ լուրջ բան չի պարունակում և որևէ բան չի ապացուցում, և այդ հեռախոսազրույցների մեջ ասվածը չի հակասում իր կամ Արթուր Վանեցյանի, Սասուն Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին՝ կախված Մարտի 1-ի գործի հետ: Փաշինյանը հիշեցրեց, որ ապօրինաբար գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրության առաջին հրապարակումից հետո ինքն Ազգային ժողովում մանրամասն անդրադարձել է հեռախոսազրույցներին, և իր հրապարակային մեկնաբանությունների մեջ ավելի շատ ինֆորմացիա կա, քան գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ:

«Այդ օրերին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը գտնվել է Շվեյցարիայում (Ժնևում) և, ըստ էության, ռոումինգի պատճառով է գաղտնալսումը հնարավոր դարձել: Եվ ինչպես գիտեք՝ երեկ դրա երկրորդ սերիան հրապարակվեց: Ի դեպ, ես էլ այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում էի: Գուցե էդտեղ էլ ռոումինգը դերակատարում է ունեցել: Սեպտեմբերի 12-ին ես Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել եմ այս խոսակցությանը, և իմ պատմածի մեջ շատ ավելի մեծ ինֆորմացիա կա, քան այդ գաղտնալսման մեջ… Ինչո՞ւ է ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսի մեջ ներքաշվել. երկու պատճառով: Առաջինը, մեր գործընկերները՝ մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ ահազանգել են ԱԱԾ տնօրենին: Երկրորդը, դատավորները, դատական համակարգն ինքը անընդհատ ահազանգել է կրկին ԱԱԾ-ին: Ընդ որում, այդ գաղտնալսումից իմանում ենք, որ որոշ դատավորներ վախեցած են իրենց գործը կատարելու առումով: Կարծում եմ՝ այդ խոսակցությունից մաս է կտրած, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ-ին, ասում եմ՝ ի՞նչ է նշանակում՝ դատավորը վախեցած է: Ի՞նչ է, չե՞ք կարում դատավորի անվտանգությունն ապահովել և այլն, և այլն: Բայց ընդհանուր առմամբ, դա, իհարկե, անվտանգության լուրջ խնդիր է: Ուզում եմ հիշել, որ մոտ 10 տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում մի հրապարակում է եղել և ինֆորմացիան եղել է հետևյալը, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ պրոբլեմը կա: Իրականում մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ անձինք կամ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, և սա, կարծում եմ, դրա մնացորդային երևույթն է, որը, համոզված եղեք, անպայման արմատախիլ կարվի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ թեև հետաքննությունն առայժմ չի բացահայտել գաղտնալսման կազմակերպիչներին, բայց ինքը հստակ խնդիր է դրել ԱԱԾ-ի առաջ, որ այս հանցանքը պետք է բացահայտվի, և դա նաև ԱԱԾ-ի պատվի հարցն է:

«Ես ամենուր ինձ անվտանգ եմ զգում»

Ռուսաստանահայերը նաև անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբ և դրա մասին հարց ուղղեցին վարչապետի պաշտոնակատարին, որը պատասխանեց. «Կարծում եմ՝ Հայաստանի Պետական պահպանության ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը, և անկեղծ ասած՝ Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և ամենուր ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Եվ դա միայն անվտանգության ծառայության խնդիր չէ: Դա գուցե նաև հոգեբանական վիճակ է, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում