Օրենքով գող Նադիր Սալիֆովին (Լոտու Գուլի) Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխել: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ՝ Բաքվում, հաղորդում է Yeni Musavat պարբերականը:
Քրեական հեղինակությունը արտահանձնվել է անցյալ շաբաթ: Արտահանձնման գործընթացքով ոստիկանության բարձրաստիճան աշխատակից է զբաղվել: Սալիֆովի տնային կալանքի տակ գտնվելու ժամկետն անհայտ է:
Հոկտեմբեր ամսվա վերջին հաղորդվել է, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կրկնակի միջնորդություն է ուղարկել Ինտերպոլի կենտրոնական բյուրո՝ Սալիֆովին Մոսկվա արտահանձնելու խնդրանքով: Ռուսաստանում օրենքով գողին մեղադրում են մարդկանց առևանգման երկու դեպքի և շորթման մեջ:
Այսօրվա դրությամբ Նադիր Սալիֆովը Մեհրաբ Ջանգվելաձեի (Սուխումսկի) և Լաշա Շուշանաշվիլիի (Ռուսթավսկի) հետ համարվում է ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը և Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդի հավանական թեկնածուն: