ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը։
2010թ. զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանում կան այլ կրոնական փոքրաթիվ համայնքներ, սակայն ճշգրիտ տվյալներ չկան: Հեղինակները նշում են, որ «այդ խմբերի հետևորդների թիվը ՀՀ բնակչության 5 տոկոսից պակաս է՝ ներառյալ կաթոլիկները, Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկները, ուղղափառները, Ավետարանչական եկեղեցու հետևորդները, մոլոկանները, հիսունականները, յոթերորդ օրվա ադվենտիստները, բապտիստները, եզդիները, Եհովայի վկաները, հրեաները, սուննի մուսուլման քրդերը և այլն»:
Զեկույցի հեղինակների կարծիքով, չնայած նրան, որ կրոնի ազատությունը, հավատքը դավանելու, ընտրելու կամ փոխելու իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, այդուհանդերձ օրենքը որոշակի սահմանափակումներ է դնում կրոնական փոքրամասնությունների ազատության վրա:
«Օրենքները Հայաստանում որոշակի արտոնություններ են շնորհում Հայ եկեղեցուն, որոնք չեն տարածվում կրոնական այլ հարանվանությունների վրա։ Օրենքը հայկական եկեղեցուն թույլ է տալիս մշտական ներկայացուցիչներ ունենալ հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, ՔԿՀ-ներում, մինչդեռ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն՝ այլ կրոնական խմբերը նշված վայրերում ներկայացուցիչներ կարող են ունենալ միայն հատուկ խնդրանքի դեպքում»,- նշվում է զեկույցում:
Հեղինակներն անհանգստություն են հայտնել առ այն, որ օրենքով հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև կրոնական խմբերի պաշտոնական գրանցումը պարտադիր չէ, մինչդեռ միայն գրանցված կազմակերպություններն իրավական կարգավիճակ ունեն:
Միայն գրանցված խմբերը կարող են հրատարակել հազարից ավելի տպաքանակով թերթեր և ամսագրեր, վարձակելել տարածք հավաքների համար, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հաղորդումներ հեռարձակել:
«Հաշվետվության շրջանում կրոնական խմբերը և մարդու իրավունքների կազմակերպությունները անհանգստություն են հայտնել հատկապես Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի ընդունման հնարավորության մասին»,- ասվում է զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև, որ կառավարության կողմից ընդհանուր առմամբ կրոնական ազատությունների սահմանափակումներ չեն նկատվել:
«Զեկույցը պատրաստելու ժամանակ, Հայաստանում որոշ կրոնական խմբերից հաշվետվություններ են ստացվել առ այն, որ դպրոցներում շարունակում են բացասաբար վերաբերվել այն ուսուցիչների և աշակերտների նկատմամբ, որոնք ներգրավված են, Հայ եկեղեցուց բացի, այլ կրոնական խմբերում:
Այդուհանդերձ, կրոնական շատ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով՝ այդ վերաբերմունքը զեկույցի նշված ժամանակաշրջանում բարելավվել է, ասվում է զեկույցում:
2009թ. հուլիսի 1-ից մինչև 2010թ. հունիսի 1-ը 35 Եհովայի վկա է դատապարտվել` զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Երևանում Եհովայի վկաների ղեկավարների տվյալներով, 2010թ. հունիսի 1-ի դրությամբ իրենց 76 անդամներ դեռևս բանտում են. նրանք անազատության մեջ են հայտնվել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Եվս մեկ Եհովայի վկա գտնվում է նախնական կալանքի տակ: