Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Եգիպտոսի բնակիչներն անցկացրեցին առաջին «Ցասման օրը», որն արդյունքում արմատապես պետք է փոխեր երկրի կյանքը: Սակայն այդ ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենան հակակառավարական ցույցերը Եգիպտոսի համար: Գրեթե ոչ մեկը չէր հավատում, որ ժողովրդական հուզումների, անկարգությունների բռնկումից ընդամենը 18 օր հետո իր պաշտոնը կլքի երկիրը երեք տասնամյակ ղեկավարած Հոսնի Մուբարաքը` հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս երեք տարիների ընթացքում եգիպտացիները հասցրել են ապրել զինվորականների, իսլամիստների իշխանության ներքո, ընտրել նոր խորհրդարան և ինչպես ընդունված է ասել` առաջին ժողովրդավարական նախագահ Մուհամմադ Մուրսիին, ով իր հետ առաջադրված «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ այս պաշտոնին մնաց ուղիղ մեկ տարի:
Այժմ «եղբայրներից» շատերը, այդ թվում՝ Մուրսին, գտնվում են ճաղերի հետևում, իսկ կազմակերպությունը ստիպված եղավ անցնել ընդհատակ:
Այսօր` հեղափոխության երրորդ տարելիցին երիտասարդական շատ շարժումներ և քաղաքական միավորումներ` «Ժողովուրդը միասնական » է կարգախոսով, պատրաստվում են երկրի բոլոր հրապարակներում տոնել հեղափոխության «հաղթանակը»: Միջոցառումը կհսկեն 250 հազար զինծառայողներ և ոստիկաններ:











































