Ամփոփվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը։ Այս քարոզարշավն էլ, ըստ էության, սև-սպիտակի տրամաբանության մեջ է։ Հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ այն, ինչ կատարվում է քարոզարշավի ժամանակ սև ու սպիտակի տրամաբանություն չէ, որովհետև սև ու սպիտակի տրամաբանությունը տարբերություններն ընդգծելն է, բայց սկսում են հնչել փոխադարձ վիրավորանքներ։ «Ես ուղղակի որպես շարքային ընտրող ինձ հարց եմ տալիս, թե արժե՞ արդյոք այդքան ժամանակ, նյարդեր, հոգեկան էներգիա ծախսել հայտի երևույթների հնչեցման, պարզ իրողությունների շարունակական մեկնաբանության վրա, երբ կարելի էր այդ ընթացքում անել շատ ավելի խոհեմ և շատ ավելի հավասարակշռված քայլեր, մանավանդ որ ներկայիս իշխանությունը դրա համար ունի լծակներ և դրանով ապահովել բացառիկ քարոզարշավ։ Անկեղծ ասած՝ հեղափոխության առաջին օրից ՀՀԿ-ի հանդեպ հարձակումները շատ հաճելի էին դիտվում հեղափոխության և հակահեղափոխության կոնտեքստում, իսկ հիմա, երբ հեղափոխությունը հաղթանակել է, այդքան շատ ժամանակ ու նյարդեր նվիրելու՝ առանց այդ էլ պարտված թշնամու պարտության խորացմանը, ինձ թվում է՝ այնքան էլ նպատակահարմար չէ»,- ասաց Անուշ Սեդրակյանը։

Դիտարկմանը, թե այս ընտրություններում էլի գաղափարների պայքար չի լինի, փոխարենը կլինի պոպուլիստական հայտարարությունների առատություն, Անուշ Սեդրակյանն ասաց. «Դա նորություն չէ, դա Հայաստանի բրենդն է։ Երկու տիպի պոպուլիզմ կա Հայաստանում՝ ազգային պահպանողական և ժողովրդա-դեմոկրատական՝ իրենց հռետորաբանությամբ։ Դա միջազգային միտում է, պոպուլիզմը բոլոր երկրներում է հաղթում, սակայն պոպուլիզմից հետո, վկան ԱՄՆ-ի օրինակը, գալիս է հաշվետվության ժամանակը։ Այդ հաշվետվությունը տալիս են բոլորը՝ և՛ գերտերության լիդերները, և՛ Հայաստանի նման փոքր պետության իշխանավորները։ Ահա, այդ հաշվետվությունը փոխարինել հռետորաբանությամբ, գուցե նախընտրական շրջանում ընդունելի է, բայց հետագայում հարցեր է առաջացնելու բնակչության, հասարակության և շահագրգիռ խմբերի կողմից։ Կարելի է շատ գեղեցիկ և էֆեկտիվ ֆրազներ ասել, բայց դրանք կարճ կյանք ունեն, ինչպես մենք տեսնում ենք։ Մենք արդեն տեսնում ենք, որ բոլորի վրա չէ, որ այդ մոգական ազդեցությունը թողնում են դրանք»։
Նրա խոսքերով՝ հասունանալու ժամանակն է բոլորի համար՝ թե՛ հանրության, թե՛ նախկին ու ներկա իշխանությունների. բոլորը մի տեսակ գտնվում են մանկապատանեկան քաղաքական փուլում, մինչդեռ հեղափոխություն իրականացրած մարդկանց համար անհրաժեշտ են ավելի նպատակային քայլեր, իսկ նախկին իշխանությանն անհրաժեշտ է ավելի խոհեմ ընդունել պարտությունը և ձևակերպել վերափոխված քաղաքական օրակարգ՝ փորձելով հետ նվաճել ժողովրդի վստահությունը, եթե, իհարկե, դա կարող է իրենց հաջողվել։ Նրա կարծիքով՝ դա այնքան էլ իրատեսական չէ։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ քարոզարշավը սևերի և սպիտակների տրամաբանության մեջ էր լինելու, քանի որ ՀՀԿ-ն ընտրություններն օգտագործում է, որպեսզի ռեակցիոն, ռևանշիստական օրակարգը մտցնի հանրային տարածք, ինֆորմացիոն դաշտ։ «Ակնհայտ է այստեղ, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ-ն շատ ցածր վարկանիշ ունի, և բոլոր հարցումները ցույց են տալիս, որ 1,5-2 տոկոսի սահմաններում է նրա վարկանիշը և իրենից որևէ սպառնալիք չի կարող նա ներկայացնել, բայց ինքը կարող է ինֆորմացիոն դաշտը ներմուծել ռևանշիստական, ռեակցիոն գաղափարներ, այդպիսի օրակարգ, որպեսզի հետագայում այն օգտագործվի հեղափոխության դեմ։ Եվ որպեսզի դա չլինի, Նիկոլ Փաշինյանն այսօր օգտագործում է քարոզարշավը և պատասխանում է նրանց։ Այլ բան, թե որքանով է էֆեկտիվ, այլ բան, որ գուցե չարժե այդքան ժամանակ տրամադրել դրան, բայց ակնհայտ է, որ այդպիսի պատասխան լինելու է այդպիսի օրակարգի ներմուծման դեպքում, դա կասկածից դուրս է և դա նորմալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Հարցին, թե որքանով կարելի է ընթացիկ քարոզարշավը համարել գաղափարական, և ինչ տեղ ունի պոպուլիզմը դրանում։ Արդյո՞ք հեղափոխական էյֆորիան տեղ թողնում է գաղափարների պայքարի համար, թե հիմնական գործոնը դառնում է պոպուլիզմը, քաղաքագետը նշեց, որ սա սովորական քարոզարշավ չէ, որովհետև հետհեղափոխական փուլում իրականացվող ընտրությունների ժամանակ ակնհայտ է, որ հիմնական օրակարգը այդ հեղափոխության ամրապնդման, հեղափոխության խորացման օրակարգն է, և այստեղ գաղափարախոսական յուրահատկությունները երկրորդ պլան են մղվում։ «Բայց երբ ասում ենք՝ երկրորդ պլան են մղվում, դա չի նշանակում, որ ընդհանրապես դուրս են գալիս օրակարգից, և մենք տեսնում ենք նաև, որ տարբեր գաղափարների շուրջ կա բանավեճ»,-հավելեց Էդգար Վարդանյանը։
Նրա խոսքերով՝ հեղափոխական էյֆորիան դիտարկվում է որպես ժողովրդի ոչ ռացիոնալ մտածողության ցուցիչ, մինչդեռ քաղաքագետը չի կարծում, թե կա որևէ հետհեղափոխական էյֆորիա, պարզապես մարդիկ իրենց կարողությունների չափով մասնակցում են այս ընտրություններին և ռացիոնալ կերպով՝ համաձայն իրենց պատկերացումների, քվեարկելու են։ «Այսինքն՝ մարդկանց մեծամասնությունն այսօր այսպիսի հաշվարկ է անում, որ այսօր հիմնական հեղափոխական ուժին քվեարկելու այլընտրանք չկա, և դրա համար էլ մեծամասնությունը հակված է քվեարկել «Իմ քայլի» օգտին։ Մարդկանց համար թանկ է հեղափոխությունը, մարդիկ շատ մեծ ցանկություն ունեն պահպանել հեղափոխության ձեռքբերումը և, բնականաբար, իրենք, երբ գնան ընտրատեղամաս և քվեարկեն, հիմնականում այսպիսի նկատառումներից ելնելով են քվեարկելու։ Նույնը կարելի է ասել նաև այն մարդկանց, ովքեր քվեարկելու են այլ հեղափոխական ուժերի օգտին, այդ թվում՝ ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության կամ «Լուսավոր Հայաստան»-ին և այլն։ Նրանց օգտին քվեարկելու են, որպեսզի խորհրդարանում լինեն դեմոկրատական առողջ ուժեր»,- ասաց քաղաքագետը։











































