«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը մաքսիմալ բալանսավորված է»,- այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը քննադատվում է, նշվում է, որ ընդգրկված են մարդիկ, ովքեր քաղաքականության հետ որևէ առնչություն չունեն, և նրանց դժվար է պատկերացնել օրենսդիր գործունեության մեջ, մասնավորապես ցուցակում նախկին «տաքսիստ» կա և այլն, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մարդկանց աշխատանքի վերաբերյալ տարբեր որակումներն իր համար ընդունելի չեն:
«Տաքսիստ», «խոպանչի», «դախլչի», դրա համար էլ էս երկիրը երկիր չի դառնում: Դրա համար մարդիկ գնում, ասում են՝ գոնե 80.000 դրամ աշխատավարձ ստանամ, կառավարությունում վարորդ աշխատեմ, բայց գոնե ինձ չեն ասի՝ «տաքսիստ», երեխային ասեն՝ «տաքսիստի» տղա: Իմ գնահատմամբ՝ ցանկացած աշխատանք արժանի է մեծագույն հարգանքի, ես ուզում եմ հստակ ասել՝ մեծագույն հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ աշխատանք են կատարում, մեծագույն հարգանք ունեմ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր առավոտ ժամը վեցին Երևան քաղաքում ավելները ձեռքները փողոցները մաքրում են, անկեղծ ասեմ՝ չեմ ընդունում այդ որակումները և կոչ եմ անում զերծ մնալ այդ տրամաբանությունից: Մենք աշխատել ենք ունենալ մաքսիմալ բալանսավորված ցուցակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս կարճ էքսկուրսով բացատրել է նաև, թե ինչու են իրենց ցուցակում ընդգրկել մարդկանց, ովքեր քաղաքականացված չեն։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ կար ժամանակ, երբ մարդկանց խնդրում էին, որպեսզի ընդգրկվեին իրենց ցուցակում, և նրանք չեն ուզեցել իրենց ցուցակում լինել, որովհետև եղել են որոշակի ռիսկեր, հետապնդումներ ու սպառնալիքներ։ «Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ այդ մասով օգնել են, և մենք չենք ուզում… ասենք՝ դուք «տաքսիստ» եք, մենք հիմա միայն ակադեմիկների ենք մեր ցուցակում ընդգրկում»,- ասել է Փաշինյանը:
Դժվար չէ նկատել, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը, ըստ էության, բովանդակային պատասխան չի տվել հնչած հարցին՝ հատկապես այն համատեքստում, երբ հեղափոխության թիմի ցուցակից դժգոհում են անգամ ՔՊ կուսակցության մարզային կառույցները՝ ցույցեր անցկացնելով տեղական գրասենյակների առաջ։
Բալանսավորված ցուցակը դեռ չի ենթադրում, որ այն քաղաքական է։ Այս առումով ամենաբալանսավորվածը եղել են ԽՍՀՄ տարիներին կոմունիստական կուսակցության թեկնածուների ցուցակները, որովհետև դրանցում համամասնորեն ներկայացված են եղել հասարակության բոլոր շերտերը, սեգմենտները, որոնց բոլորին միավորել է կուսակցության իդեալների նկատմամբ իրական կամ ձևական հավատարմությունը։
Սակայն այդ տրամաբանությամբ ցուցակներ կազմվում են այն երկրներում, որտեղ քաղաքականություն, ըստ էության, գոյություն չունի, իսկ խորհրդարաններն ունենում են ձևական, ֆորմալ բնույթ, որոնք քվեարկում են «Ցեկայից»
եկած բոլոր նախաձեռնությունների օգտին։
Բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց, անշուշտ, պետք է գնահատել, արժևորել նրանց աշխատանքը, սակայն դրա ձևը հաստատ այն չէ, որ վերջիններս ընդգրկվեն կուսակցական համամասնական ցուցակներում կամ նշանակվեն նախարարներ, դառնան պատգամավորներ։ Աշխատավոր մարդու գնահատման չափանիշը պետք է դառնան աշխատատեղ ստեղծելը, նորմալ վարձատրությունը, սոցիալական պաշտպանվածության մեխանիզմներ ձևավորելը, կրթության, առողջության հնարավորությունների ստեղծումը։ Յուրաքանչյուրը պետք է իր մասնագիտության ու տաղանդի շնորհիվ համարժեք վարձատրվի ու աչքը չգցի պաշտոնների վրա, որովհետև դրանք են հարստության ու բարեկեցության միակ աղբյուրը։ Քանի երկրում կազմվում են բալանսավորված ցուցակներ, կարելի է ենթադրել, որ իշխանությունը հասարակության բոլոր շերտերի համար համամասնորեն ստեղծում է բարիքներին մոտ գտնվելու հնարավորություն։
Կուսակցությունների համամասնական ցուցակները պետք է կապիտալիզացնեն քաղաքական ուժի մարդկային ռեսուրսները, դրանց մեջ ընտրողը պետք է տեսնի ապագա պատգամավորների, նախարարների։
Այս իմաստով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը քաղաքական է՝ մեծ վերապահումով․ դրանով ավելի շատ փորձ է արվել շահել հասարակության տարբեր սեգմենտների վստահությունը, համակրանքը։ Ցուցակը քաղաքական սկզբունքով չի կազմավորվել, ինչը նշանակում է խորհրդարանական մոդելում Նիկոլ Փաշինյանը նույնքան քիչ է արժևորում ԱԺ դերը, որքան նրա նախորդները։ Երբ խորհրդարանական մոդելում ԱԺ-ն լինում է գործադիրի կցորդը կամ տեղավորվում է նրա «գրպանում», պերմանենտ քաղաքական ճգնաժամերի, փողոցային հուզումների ռիսկերը էապես մեծանում են։
Եթե նույնիսկ ընդունենք, որ կառավարող դաշինքի ցուցակը քաղաքական է, ապա այն, մեղմ ասած, չունի միասնական քաղաքական տրամաբանություն։ Դրանում ընդգրկված մարդկանց չեն կարող միավորել միասնական քաղաքական նպատակները, անգամ իսկ հեղափոխության իդեալները։ Ցուցակում ընդգրկված մարդկանց համար անվիճարկելի արժեք է Նիկոլ Փաշինյանը, այն էլ այսօր, երբ նրա վարկանիշը շատ բարձր է։
Լուսանկարը՝ Photolure-ի











































