Հայաստանյան մի շարք բանկեր իրենց այն հայ հաճախորդներին, որոնք ունեն նաև Իրանի քաղաքացիություն, ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված՝ նախազգուշացրել են փակել իրենց բանկային հաշիվները, հակառակ դեպքում դրանք կսառեցվեն:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել ԱՄՆ կողմից Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Հայաստանում գործող իրանական «Մելաթ բանկը» ևս հայտնվել է պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցանկում, սակայն Իրանի և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք զգուշացում են ստացել ոչ միայն «Մելաթ բանկից», այլև հայաստանյան բանկերից։
Իրանի և ՀՀ քաղաքացիություն ունեցող Արգինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է ստացել բանկից զգուշացում և այսօր առավոտյան արդեն սառեցրել է իր հաշվները։ Արգինը, սակայն, վրդովված է, որ Հայաստանը այս ֆոնին չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին։
«Լավ, հասկացանք, Ամերիկան ու Իրանը իրար հետ խնդիրներ ունեն, այդ խնդիրները նոր չեն սկսվել, բայց ես իմ ընտանիքի հետ Հայաստան եմ եկել այստեղ ապրելու համար։ Եկել եմ, որ իմ երեխաները հայեցի դաստիարակություն ստանան, բայց հիմա պարզվում է, որ այլևս այս երկրում չեմ կարող ապրել։ Եթե իմ հաշիվները փակվում են, ես բիզնես չեմ կարող անել, ինձ Եվրոպայից փող չեն կարող փոխանցել, եթե ես այստեղ ոչինչ չեմ կարող անել, մնում է միայն հեռանալը»,- ասաց Արգինը՝ հավելելով, որ իրանահայերը բոլորը վրդովված են և պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, դիմել ՀՀ նախագահին ու վարչապետին՝ հորդորելով տեր կանգնել իրենց երկրի քաղաքացիներին ու հարգել ՀՀ անձնագիրը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: