Այսօր հունիսի 27-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական առաջին ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակիցները առաջիկա երկու շաբաթների ընթացքում կլսեն հասարակական գիտությունների և հատկապես քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, հայկական արվեստի և արվեստի պատմության և մի շարք այլ հետաքրքրաշարժ թեմաների շուրջ դասախոսություններ, կհանդիպեն ԼՂՀ կառավարության և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և կայցելեն Արցախի տեսարժան վայրեր:
«Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:
Ամառային դպրոցի կազմակերպիչներից են Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը (Երևանի պետական համալսարան): Ամառային դպրոցի գիտական համակարգողն Ասպետ Գոչիկյանն է (Բենթլիի Համալսարան), իսկ գործադիր տնօրենը` Սարահ Լյուդվիգը:
Այս ամառային դպրոցն իրականացվում է հիմնվելով «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի կողմից Արցախում հաջողությամբ իրականացված դասընթացների փորձի վրա, որոնց ընթացում կառավարական մարմինների ներկայացուցիչների և ուսանողների համար մատուցվել են լեզվի և առաջնորդության դասընթացներ: Այս ծրագիրը նախորդների շարունակությունն է և ԱԱՀ գործունեության նոր մակարդակ:









































