ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով այսօր հյուրընկալվել էր «Ուրբաթ» ակումբում, ներկայացրեց Փարիզում օրերս գումարված Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովի քննարկումներում հնչած դիրքորոշումները: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրություններին` նա շեշտեց, որ իրենք կարևոր են համարում հայ-թուրքական արձանագրությունների վնասազերծումը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման առնչությամբ նրանց ուղղությամբ միջազգային ճնշումների մեծացման անհրաժեշտությունը:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը վնասազերծել արձանագրությունները, որևէ ռեսուրս մնացե՞լ է այս գործընթացի բացասական հետևանքները վերացնելու համար` Կ.Մանոյանը պատասխանեց. «Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ամբողջական վնասազերծման համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի` հաշվի առնելով և պատճառաբանելով այն, որ Թուրքիան նախ անկեղծ չէր բանակցություններում, եթե առանց նախապայմանների պետք է ստորագրվեին ու վավերացվեին արձանագրությունները: Առայսօր շարունակվում է նույն քաղաքականությունը, և Հայաստանն այս վիճակով ավելի շատ տուժողի դերում է, քան ինչ-որ բան շահածի, որովհետև Թուրքիան թեկուզ չվավերացված արձանագրություններով արդեն ստացել է իր ստանալիքը: Այսինքն` վավերացման դեպքում Թուրքիան ստանալիքի ավելի քան 80 տոկոսը կշահեր, իսկ Հայաստանը` ոչինչ չի ստացել… ԱՄՆ-ն այլևս էլ չի ասում, որ պետք է արձանագրությունները խելամիտ ժամկետներում վավերացվեն, այլ միայն սպասում է: Իսկ սպասելը Թուրքիայի կամակատարությունից կախված` մի քիչ շատ է»: Իշխանությունների կողմից հաճախ հնչող այն դիտարկման առիթով, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքով բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, Կ.Մանոյանը նկատեց. «Իշխանությունները եթե այս բանակցությունները սկսեցին Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելու համար` թող առաջին օրվանից հայտարարեին, որ դա է իրենց նպատակը և ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելը: Ես կասեի ավելի շուտ իշխանությունների լեգիտիմության հարցը կարգավորվեց և ոչ թե Հայաստանի վարկը բարձրացավ: Եթե Հայաստանն ասում է` սպասում է Թուրքիային, դա նշանակում է, որ ինքը չէ քաղաքականությունը, անելիքը որոշողը, այլ ընդամենը սպասում է Թուրքիային»: