Փարիզի Վերաքննիչ դատարանի 17-րդ ատյանը հունվարի 16-ին հաստատել է Առաջին իրավասության դատարանի՝ 2013 փետրվարի 28-ին Լեյլեքյանի դեմ ներկայացված դատավճիռը: Նա Սըրմա Օրանին անվանարկելու համար պետք է վճարեր 4.000 եվրոյի վնասի փոխհատուցում և 4.500 եվրո՝ արդարադատության ծախսերի համար: Ներկա վճռով Լեյլեքյանը պետք է հավելյալ վճարի 2.000 եվրո՝ գործընթացի ծախսերի համար: Նա Վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնելու համար ուներ երեք օր: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը :
Վերջերս Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տխրահռչակ վճռից հետո այս նոր վճիռը մտահոգիչ է Հայ դատի համար: Զուգահեռաբար՝ այն մեծ հրճվանք է պատճառում թուրքական կողմին, որի միջազգային լրատվամիջոցներից Turquie news-ը (turquie-news.com) «Վերաքննիչ ատյանը խստացնում է զրպարտիչ թրքատյաց Լորան Լեյլեքյանի դատապարտումը» վերտառությամբ հոդվածում գրել է. «Հրապարակավ նախատինքի հանցանքով Մովսես Նշանյանի դատապարտումից, Վալերի Բուայեի՝ ազատությունը ոտնահարող օրինագիծը Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի կողմից մերժվելուց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո այս որոշումը նոր հաղթանակ է հայկական մոլեռանդության դեմ»: