Գլենդել քաղաքի պաշտոնաթերթ Glendale News Press-ի հաղորդմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը շուտով թողնելու է այդ պաշտոնը և գլխավորելու է դեմոկրատների խմբակցությունը, հայտարարել է, որ այս տարի էլ կանի իրենից կախված ամեն ինչ Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Ներկայացուցիչների պալատում ընդունելու համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ այդ հայտարարությունը Փելոսին արել է Կոնգրեսի` նոյեմբերի 2-ի միջանկյալ ընտրություններից հետո, երբ դեմոկրատների դիրքերը թուլացան: «Սակայն Ամերիկայի Հայ դատի կոմիտեն մտադիր է աշխատել ոչ միայն դեմոկրատների, այլ նաև հանրապետականների հետ: Հայ համայնքը միշտ էլ ձգտել է բարեկամներ ունենալ բարիկադի երկու կողմերում էլ»,- հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։