Սոչիի ոստիկանությունը սկսել է շտապ կարգով որոնել հնարավոր կին մահապարտ ահաբեկչին: Սոչիի հյուրանոցների աշխատողները ABC-ին հայտնել են, որ 22-ամյա դաղստանցի կնոջ լուսանկարներով ու նկարագրությամբ պաստառները հանգստյան օրերին բաժանվել են իշխանությունների կողմից: Այդ պաստառներից նկատվել են նաև Սոչիի օդանավակայանում:
Կինը ներկայացվում է որպես Ռուզաննա Իբրահիմովա (մականունը՝ Սալիմա): Նա զինյալի այրի է: Նշվում է, որ ամուսինը զոհվել է անցած տարի Դաղստանում՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Կինը կապեր ունի Դոկու Ումարովի «Կովկասյան էմիրություն» խմբավորման հետ, որը սպառնացել է Սոչիի Օլիմպիադայի ժամանակ հարձակումներ իրականացնել:
Իբրահիմովան ձախ այտին ունի 10 սմ երկարությամբ սպի, արտահայտված կաղություն, ձախ ձեռքը փայտացած է՝ասվում է նրա արտաքին նկարագրությունում:
Նշվում է, որ նա Դաղստանը լքել է այս ամիս ավելի վաղ և մոտ 10 օր առաջ ժամանել Սոչի:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ու Պետանվտանգության կոմիտեն հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունները:











































