Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«2-րդ հարկից ցած է նետել նկուղ». պարզվել է՝ Երևանում ամուսինը կնոջը ոչ թե ինքնասպանության է հասցրել, այլ դաժանաբար սպանել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է Արշակ Ա.-ի գործով դատական քննությունը:

2017 թվականի մարտի 3-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 32-ամյա Հայկանուշ Ք.-ին՝ «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ: Կրիմինալ մատյանի զննությամբ պարզվել է, որ Հայկանուշը հիվանդանոց է ընդունվել «Կլինիկական մահ» ախտորոշմամբ:

Նույն օրը Հայկանուշի ամուսինը՝ Արշակ Ա.-ն, դեպքի վայրի զննության ժամանակ հայտարարել է, թե կինը վայր է ընկել իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, ընկել է նկուղն ու ստացել է վնասվածքներ:

2017 թվականի մարտի 7-ին Հայկանուշ Ք.-ն առանց գիտակցության գալու հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

2017 թվականի ապրիլի 18-ին Հայկանուշի ամուսնուն՝ Արշակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:

Հայկանուշն ու Արշակը ամուսնացել էին 2010 թվականին, ունեն 2 անչափահաս երեխա՝ 8-ամյա երկվորյակներ:

Արշակ Ա.-ն նախաքննության սկզբում հայտնել է, թե դեպքի օրը վիճել է կնոջ հետ՝ վերջինիս արգելել է ընկերուհու հետ գնալ խանութներում շրջելու: Վիճաբանության ընթացքում մի քանի անգամ ապտակել է նրան, հարվածել է գլխին, քաշել է մազերից, մի անգամ էլ ոտքով «թույլ» հարվածել է նրա հետույքի շրջանին:

Կինը վիրավորվել ու սկսել է հավաքել իրերը՝ հայրական տուն գնալու համար: Մի քանի ժամ հետո, ըստ Արշակի, իր ու կնոջ միջև վեճը շարունակվել է, ինքը չի առարկել, որ նա հայրական տուն գնա, բայց պահանջել է, որ կնոջ հայրը գա ու նրան տանի:

Դրանից հետո, ըստ Արշակի, ինքը մնացել է երկհարկանի առանձնատան առաջին հարկում, գնացել է դեպի խոհանոցի պատուհանը, իսկ կինը բարձրացել է երկրորդ հարկ: Քիչ անց վերևից, ըստ Արշակի, լսվել են «կնոջ վազքի նմանվող ոտնաձայներ», որից հետո ուժգին ձայն է լսվել առանձնատան նկուղային հարկից:

Իջնելով ներքև, ըստ Արշակի, ինքը տեսել է, որ կինն ընկած է արյան մեջ ու անգիտակից վիճակում է: Փորձել է ուշքի բերել նրան, ջուր է լցրել երեսին, հետո նկուղից բարձրացրել է առաջին հարկ, պառկեցրել է բազմոցին ու զանգել է շտապօգնություն, ինքն էլ դիմավորել է շտապօգնության խմբին, օգնել է, որ կնոջը տեղափոխեն հիվանդանոց…

2017 թվականի ապրիլի 11-ին Արշակ Ա.-ն գրավոր դիմել է վարույթն իրականացնող քննիչին՝ հայտնելով, թե ցանկանում է մի քանի օրով մեկնել ՌԴ Մոսկվա քաղաք, որտեղ գտնվում են իր ծնողները: Նույն օրը Արշակ Ա.-ի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նա Ռուսաստան չի մեկնել:

Տուժող Հայկանուշ Ք.-ի դիակի դատաբժշկական առաջին փորձաքննության եզրակացությամբ, որը ստացվել է 2017 թվականի ապրիլի 13-ին, մահվան անմիջական պատճառ հանդիսացած գլխի վնասվածքները կարող էին առաջանալ վայր ընկնելու, ճանապարհին սահմանափակ մակերեսներով առարկաների համահարվածելու արդյունքում, բացառությամբ ստորին շրթունքի ներսային մակերեսի արյունազեղումների, սալջարդ վերքի, պարանոցի փափուկ հյուսվածքների արյունազեղումների, որոնք թեթև վնասի հատկանիշներ չէին պարունակում և մահվան հետ կապ չունեին:

2017 թվականի մայիսի 23-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել դիակի կրկնակի՝ փաստաթղթային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը ստացվել է 2018 թվականի փետրվարի 22-ին:

Այս եզրակացության համաձայն՝ տուժողի մահվան պատճառ հանդիսացած՝ գլխի ու մարմնի մյուս մասերի բազմաթիվ վնասվածքների մի մասը հնարավոր չէր, որ առաջանար տուժողի՝ առանձնատան երկրորդ հարկից նկուղային հարկ ընկնելու արդյունքում, դրանք գործադրված բռնության արդյունք են:

2018 թվականի մարտի 20-ին, երբ դեպքից ավելի քան մեկ տարի էր անցել, Արշակ Ա.-ին առաջադրված մեղադրանքը՝ ինքնասպանության հասցնելը, փոփոխվել ու լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել կնոջը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մարտի 3-ին, ժամը 14-ից մինչև 17-ն անց 29-ն ընկած ժամանակահատվածում Արշակ Ա.-ն իրենց տանը ծագած վիճաբանության ժամանակ կնոջը սպանելու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ գլխի թաղի ճակատային, ճակատ-գագաթային, գագաթ-ծոծրակային և զույգ քունքային շրջաններին, պարանոցի, իրանի, վերջույթների շրջաններին, այնուհետև, հաղթահարելով կնոջ դիմադրությունը՝ տան աստիճանավանդակից աջ ձեռքով կառչած Հայկանուշին տեղաշարժել և երկրորդ հարկի բարձրությունից գլխիվայր ցած է նետել՝ տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի, մահվան հետ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքներ, որոնց թվարկումը համարյա մեկ էջ է կազմում…

Հայկանուշ Ք.-ն ստացած վնասվածքներից մահացել է:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտության հաջորդականությունը:

Նախ հարցաքննվեց տուժողի իրավահաջորդը՝ Հայկանուշի հայրը՝ Գրիգոր Ք.-ն:

Վերջինս հայտնեց, թե Արշակի հետ նախկինում շատ հաճախ չի շփվել՝ նա պարբերաբար գտնվել է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի: Ներկայումս նրա հետ որևէ հարաբերություն չունի՝ նա «փակի տակ է»:

«Ուղղակի ատելություն եմ զգում նրա նկատմամբ, ուրիշ ոչ մի բան»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Ներկայացնելով դստեր ու Արշակի ամուսնության պատմությունը և սկսելով ամենասկզբից՝ Գրիգոր Ք.-ն հայտնեց, որ Արշակն իր հարազատների հետ եկել է իրենց տուն՝ Հայկանուշին ուզելու. «Էրնեկ չգային, չուզեին»:

Ինքը ճանաչել է այդ ընտանիքին՝ իր մայրը նրանց գյուղից էր:

Նշանադրություն է եղել: Հետո Արշակ Ա.-ն, ըստ տուժողի իրավահաջորդի՝ «կինո սարքեց մեր տանը, նշանը հետ տվեցինք, նրա հարգարժան հոպարը գարանտ կանգնեց, որ իմ աղջկա համար լավ ա լինելու… Ամուսնացան… Երկու երեխա ունեցան… Երկու անգամ աղջիկս հետ էկավ մեր տուն, բայց հոպարը նորից գարանտ կանգնեց, աղջիկս վերադարձավ ամուսնու մոտ… Իմ աղջիկն էնքան փակ ա էղել, ոչ մի բան չի ասել…»:

Խոսելով Հայկանուշի մահից մինչև այն պահի մասին, երբ Արշակ Ա.-ին դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել՝ տուժողի իրավահաջորդն ասաց. «Արշակը «շախմատ էր խաղում» բոլորիս հետ՝ իմ հետ, իր ծնողների հետ, իր էրեխեքի հետ… Բայց տենց շախմատիստ չկա, որ միշտ հաղթի… Նա իրա իսկական դեմքն ա ցույց տվել, ես համոզված եմ, որ ինքն ա սպանել իմ աղջկան…»:

Բնութագրելով ամբաստանյալին՝ Գրիգոր Ք.-ն մասնավորապես նշեց, թե Արշակը, օրինակ, տանից վռնդել էր հարազատ մորը, թույլ չէր տալիս, որ նա երեխաներին տեսնի, ինքը երեխաներին դպրոցից տուն տանելու ժամանակ տանում էր այդ տատի մոտ, որը աղջկա մոտ էր ապրում, նրանք հանդիպում էին, հետո երեխաներին տուն էր տանում… Ներկայումս էլ, ըստ տուժողի իրավահաջորդի, ամբաստանյալն արգելել է, որ ինքն ու կինը թոռների հետ հանդիպեն, իրենք էլ երեխաներին չեն տեսնում…

Տուժողի իրավահաջորդն ասաց. «Երևի իմ աղջիկը ութ տարի ահաբեկության մեջ ա ապրել ու ինձ չի ասել, ես հավատում եմ՝ տենց մի բան ա էղել… Եթե մարդն իր հորն ու մորը չի հարգել, խի՞ պտի ինձ հարգի…»:

Դեպքի օրը տուժողի իրավահաջորդն ու կինը երկու թոռներին վերցրել են դպրոցից՝ ամբաստանյալի մեքենան փչացել էր, պապիկն էր երեխաներին դպրոցից տուն տանում: Այդ օրը ուրբաթ է եղել՝ երեխաներին պետք է տանեին իրենց տուն: Գրիգորն ասաց, թե ինքը ցանկացել է աղջկա տուն մտնել՝ երեխաների համար շորեր վերցնելու՝ «Երանի՜ մտած լինեինք», բայց կինն ասել է, թե իրենց տանը երեխաները շորեր ունեն: Երեխաներին տարել է Արշակի մոր հետ հանդիպելու, հետո տարել է իրենց տուն…

Իսկ դստերը Գրիգորը տեսել է դեպքի նախորդ օրը՝ երբ երեխաներին դպրոցից տուն է տարել: Աղջիկը տանից դուրս է եկել, երեխաներին դիմավորել է: Դեպքից հետո արդեն հայրը մտաբերել է, որ դստեր դեմքին անսովոր հաստ շերտով շպար էր քսված, նա կասկածում է, որ Հայկանուշն արդեն բռնության հետքեր էր կրում, որոնք քողարկում էր հաստ շպարով: Ինքը, այնուամենայնիվ, դստեր դեմքին ու մարմնին վնասվածքներ չի տեսել, աղջիկն իրեն բան չի ասել, որովհետև բնավորությամբ «փակ էր»:

Տուժողի իրավահաջորդն ու նրա կինը իրենց դստեր հետ վերջին անգամ հեռախոսային խոսակցություն էին ունեցել դեպքի օրը՝ կեսօրին: Դրանից հետո Հայկանուշի մայրը շատ էր զանգել դստերը, բայց զանգերն անպատասխան էին մնացել: Վերջում զանգին պատասխանել էր Արշակը: Նա սովորականի նման չէր ասել՝ հեռախոսը տանեմ Հայկուշիկին տամ, ասել էր՝ Հայկուշիկը վերև ա բարձրացել…

«Որ ես իմանայի իմ աղջկան մի բան ա սպառնում, բա կթողնեի՞ էնտեղ… Մարդու մի տեսակ կա, որ կարծում ա՝ մարդը պատկանում ա իրան, բայց տենց բան չի լինում… Արշակը մտածում էր, թե Հայկուշն իր սեփականությունն ա, երևի Հայկուշն ասել ա, թե ուզում ա բաժանվի, նա էլ էդպես ա վարվել… Ես անալիզ եմ անում, գիշերները չեմ կարում քնեմ»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Գրիգոր Ք.-ն հայտնեց, թե դստեր մահից հետո ինքը համարյա ամեն օր շփվել է Արշակի հետ: Ցանկացել է իր համար բացահայտել նրա իրական դեմքը: Ինքը համոզվել է, որ Արշակը Հայկուշին սպանել է, երբ կարդացել է դիակի դատաբժշկական կրկնակի փորձաքննության եզրակացությունը:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե նախաքննության սկզբում, երբ Արշակին դեռ սպանության մեղադրանք առաջադրված չէր, նա իրենց տուն է բերել իր փաստաբանի կողմից կազմված մի դիմում-բողոք, որը պետք է ինքը՝ Հայկանուշի հայրը ստորագրեր: Նա իբր բողոքում էր քննիչի դեմ՝ ասելով, թե քննիչը «հալածում է Արշակին, վարկաբեկում է, մինչդեռ իր դստեր ընտանիքը «իդեալական ընտանիք էր»: Ինքն այդ մտքերը կարդալով՝ չի ստորագրել իր անունից գրված դիմում-բողոքը, իսկ Արշակին հարցրել է՝ եթե քո ընտանիքն իդեալական էր, բա ո՞ւր ա հիմա քո կնիկը:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Արշակն այդ թուղթն իր անունից գրելով՝ ցանկանում էր թույլտվություն ստանալ՝ Ռուսաստան գնալու համար՝ «Եթե ստորագրեի, երևի մտածում էր՝ գործը կկարճեն, ինքն էլ կգնա իր քեֆին ման կգա…»:

Երբ հիշյալ «թուղթը» ինքը չի ստորագրել, Արշակը սկսել է սպառնալ, թե չի թույլատրի, որ ինքն ու կինը շփվեն թոռների հետ, հատուկ օր է նշանակել հանդիպումների համար, իսկ հետո, երբ մեղադրվել է սպանության համար ու կալանքի տակ է առնվել, արգելել է իրենց հանդիպումները թոռների հետ:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե դստեր սպանությունից հետո Արշակի հետ կոնֆլիկտ չի ունեցել. «Ես համբերատար սպասել եմ էս դատավարությանը, ու էդ օրը եկել ա… Արշակի նկատմամբ իմ մեջ թշնամանք առաջացել ա էն րոպեից, որ հաստատվել ա, թե ինքն ա արել… Նա ութ ամիս ասում էր՝ իմ գլխին սարքելու են, ես էլ ասում էի՝ ավտոյի մագնիտաֆոն ե՞ս գողացել, որ սարքեն… Ես ոչ մեկին չեմ ցանկանա, որ սենց օրն ընկնի… Իմ տեղն ուրիշը լիներ, վաղուց վերացրած կլիներ… »:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե իրեն ոչ ոք չի վստահեցրել, թե Արշակը սպանել է Հայկուշին. «Ես իմ սեփական խելքն ունեմ, էդ ամեն ինչը տեսնում եմ, դուք չեք ճանաչում իրան, ոնց որ ես եմ ճանաչում…»:

Դեպքից հետո տուժողի իրավահաջորդի կնոջը զանգել է Արշակի քույրն ու ասել է, թե Հայկուշը շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Իրենք տասը րոպեում հասել են հիվանդանոց, Հայկուշը անգիտակից վիճակում վերակենդանացման բաժանմունքում էր, նրան «ԿաՏե» էին անում: Երբ առաջին անգամ մի քանի րոպեով տեսել է Արշակին, վերջինս ասել է. «Ինչ ուզում ես մտածի, իմ վրով չմտածես». «Եթե մարդը տենց բան չէր արել, խի՞ պտի տենց բան ասեր…»,- ասաց Գրիգոր Ք.-ն:

Նա նշեց, որ Հայկանուշը երբևէ չի խոսել ինքնասպան լինելու մասին, նա առողջական խնդիրներ չուներ, երկու երեխայի մայր էր:

Գրիգոր Ք.-ն ասաց, թե դեպքից հետո հիվանդանոց գնալով՝ ինքը պատկերացում չուներ, թե ինչ է եղել, սկզբում մտածել է, թե աստիճանների ճաղավանդակը պոկվել է, ու Հայկուշը դրա պատճառով է ցած ընկել: Երբ ասել են, թե «պերիլաների» վրայից է ընկել, ինքը զարմացել է՝ այդ «պերիլաները» Հայկուշի բոյին էին համարյա, նա ինչպե՞ս կընկներ դրանց վրայից…

Հիվանդանոցում բժիշկը դուրս է եկել ու ասել է, թե Հայկուշն այնքան վնասվածքներ ունի, այնքան օրգաններ են վնասված, որ հույս չկա նրան փրկելու…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեպքից հետո ինքն այսուայնտեղից լսում էր խոսակցություններ, թե «Գոքորի աղջկան սպանել են»՝ շատերն էին խոսում…

Դեպքի պահին տանը միայն Արշակն ու Հայկանուշն են եղել: Ուրիշ ականատես չկա, ըստ տուժողի իրավահաջորդի, որը կարող է ստույգ ասել, թե ինչ է պատահել, այդ մասին «խոսում են» Հայկանուշի վնասվածքները…

Գրիգոր Ք.-ն ասաց, որ դեպքից հետո Արշակը հավաստիացնում էր, թե Հայկուշը «միամիտ» է ընկել. «Ես ասում էի՝ ո՞նց կարար միամիտ ընկներ… Հետո նա ասում էր՝ արդեն սկսում եմ հավատալ, որ ինքն իրան ա գցել… Նա ասում էր՝ մենք իրար սիրում էինք… Բայց Հայկուշը կնոջս ասել էր՝ ամենալավը ես եմ, որ ապրում եմ էդ տանը… Նրանց ընտանիքում միշտ խառնաշփոթ ա էղել… Տան կռիվները սկսվել են դեռ դեպքից երկու տարի առաջ… Պատճառը փողն ա էլել… Ես իմ աղջկան մի պայմանով էի ամուսնացրել՝ որ իմ փեսեն Ռուսաստան չգնա… Արշակի հերն ասել էր՝ գրում-ստորագրում եմ, որ չի գնա, բայց ամուսնությունից որոշ ժամանակ անց նա սկսեց գնալ Ռուսաստան… Նույն Արշակի հերը դեպքից երկու տարի առաջ ասում էր՝ աղջկադ մեջքին կայնած եմ… Ես չգիտեմ՝ Ռուսաստանում ինչ էր եղել… Արշակի հերը զանգել էր Հայկուշին, ասել էր՝ Արշակը Ռուսաստանում սիրած ունի… Հայկուշն էդ ժամանակ երկրորդ անգամ հեռացավ Արշակից, բայց հետո նորից հետ գնաց… Մարդ որ փող ա տենում, խառնվում ա… Փողը իրանց կերավ, իրանք էլ՝ աղջկաս գլուխը… Ռուսաստանում հեր ու տղա կռվել էին՝ Արշակը հոր հետ էր աշխատում… Հետո մոր հետ էլ էր կռվել, նրան վռնդել էր տանից… Մորը Ռուսաստանից դեպորտ էին արել, Արշակի վռնդելուց հետո մայրը աղջկա տանն էր ապրում…»:

Գրիգոր Ք.-ն նշեց՝ երբ դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կարդաց, ինչքան էլ բժշկական տերմիններն անհասկանալի լինեին, ինքը հասկացավ, որ աղջիկը տանջամահ էր արվել…

Տուժողի իրավահաջորդը ենթադրեց, թե դուստրը վախեցել է Արշակից. «Խելոք աղջիկ ա էղել՝ բնութագրված ա բոլոր թղթերում… Իմ կարծիքով՝ իմ աղջիկը ուզեցել ա բաժանվի, ուղղակի չի հասցրել… Արշակն իմ աղջկան իրա սեփականությունն ա համարել, ու էղել ա էն, ինչ էղել ա… Իմ կարծիքով՝ մոտ երեք ժամ ծեծուջարդ ա էղել… Ես գիտեի, որ Արշակը կռվարար ա՝ նա կռիվ ա արել իմ հետ, իմ տանը, երբ դեռ նշանված էին, ու ես նշանը հետ տվեցի… Երբ արդեն ընտանիք էին, ես չէի ուզում, որ քանդվի ընտանիքը, բայց էրնեկ երկրորդ անգամ մեր տուն եկած աղջկաս թողած չլինեի, որ հետ գնար…»:

Տուժողի իրավահաջորդի հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ նիստից դատարանը կսկսի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում