«Հունվարի 13-ը հիանալի օր էր: Ծովի վրա կախված էր ծիածանը: Ես երբեք չեմ մոռանա դա: Այդ օրը սկսվեց կոտորածը»,- այսպես է հիշում 1990-ի հունվարի 13-ի «սև հունվարը» շախմատի աշխարհի չեմպիոն, նախկին բաքվեցի Գարի Կասպարովը:
«Լուրեր հասան, որ Բաքվում հայերի բնակարաններ է ներխուժել մարդասպանների մեծ խումբ: Դրան անհնար էր հավատալ: Ցեղասպանությո՞ւն: Բաքվում տեղի էին ունենում անհավանական սարսափներ: Հանցագործները հաստատ գիտեին՝ որտեղ են ապրում հայերը: Տանտերերին կողոպտում և սպանում էին: Աղջիկներին բռնաբարում և ողջ-ողջ այրում էին: Սումգայիթը կրկնվում էր»:
Կասպարովը մի քանի անգամ հասկացրել է, որ Բաքուն իր համար «մահացել է» 1990-ի հունվարին: Եվ օրերս, երբ Ադրբեջանի մայրաքաղաքն ընտրվել է Համաշխարհային շախմատի օլիմպիադայի անցկացման վայր, նա կրկին հաստատեց, որ իրեն «չի ձգում» այն քաղաքը, որտեղ ինքը ծնվել է, մեծացել և հետո որտեղից ստիպված է եղել փախչել: Հայտնի շախմատիստը հայտարարել է, որ իր՝ Բաքու մեկնելը բացառվում է:
Զարմանալի է սակայն, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Գարի Կասպարովը Շախմատի օլիմպիադային մասնակցելու համար Բաքու ժամանելու թույլտվություն է խնդրել և «այդ կապակցությամբ որոշում կընդունի Օլիմպիադայի կազմկոմիտեն»:
Արբեջանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆաիկ Հասանովը հիշեցրել է, որ «Գարի Կասպարովը Ադրբեջանի շախմատի դպրոցի սան է և ժամանակին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել»:
Ըստ երևույթին, այս հարցը կպարզաբանի Կասպարովն ինքը՝ գրում է Analitikaua.net կայքը:










































