The Financial Times ամսագիրը հրապարակել է 2011թ. աշխարհի 500 ամենաթանկ ընկերությունների ցուցակը: Սա 15-րդ անգամ է, երբ հայտնի պարբերականը ներկայացնում է նման վարկանիշային ցուցակ:
Նշվում է, որ աշխարհի ամենթանկ 500 ընկերությունների ընդհանուր կապիտալիզացիան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով: Եթե նրանց ընդհանուր գինն անցած տարի կազմում էր 23.5 տրիլիոն դոլար, ապա հիմա այն հասել է 26.2 տրիլիոնի: Այս ցուցակում ամենաէժան ընկերությունն անցած տարի արժեր 16 միլիարդ, այս տարի 500-րդ հորիզոնականը զբաղեցնող Քաթարի ազգային բանկի կապիտալիզացիան կազմում է 19.1 մլրդ:
Ցուցակում առաջնային դիրքեր են զբաղեցնում բանկերն ու նավթագազային ընկերությունները: Նրանց ընդհանուր կապիտալիզացիան 2010թ. 3.836 տրիլիոն դոլարից հասել է 4.436 տրիլիոնի:
Այս տարի տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն: Նախորդ տարի առաջին հորիզոնականում գտնվող PetroChina նավթային ընկերությունը 1-ին տեղը զիջել է իր ոլորտի մեկ այլ առաջատարի՝ Exxon Mobil ընկերությանը, որի կապիտալիզացիան կազմել է 417 միլիարդ դոլար:
Առաջին տասնյակում են նաև այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Apple-ը, Industrial & Commercial Bank of China-ն, Petrobras Brazil-ը, Royal Dutch Shell-ը, Chevron-ը, Microsoft-ը: Ի դեպ Microsoft-ն արձանագրել է ամենամեծ անկումներից մեկն այս վարկանիշային ցուցակում՝ 3-րդից իջնելով 10-րդ տեղ: Անհաջողակների թվում է նաև British Petroleum-ը, որն անցած տարի Մեքսիկական ծոցում ունեցած խնդիրների պատճառով 18-րդից իջել է 37-րդ հորիզոնական:
Մեծ առաջընթաց են ապահովել IBM-ը՝ 21-ից 15-րդ տեղ, «Գազպրոմը»՝ 33-ից 15-րդ տեղ:










































