Թերթը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում արդեն սկսվել է ծիրանի բերքահավաքի և արտահանման գործընթացը. «Չնայած արդեն տևական ժամանակ գործում է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» մաքսակետը, սակայն հայ արտահանողները ստիպված են ինքնաթիռով արտահանել ծիրանը, քանի որ բերքահավաքը նոր է սկսվել, իսկ ծավալներն այնքան մեծ չեն, ինչպես, օրինակ՝ 2009 թվականին: Եթե նշված թվականին մեր այգեգործները հավաքեցին 80 հազար տոննա ծիրան, ապա 2010 թվականին ծիրանի բերքը չանցավ 20 հազար տոննայից: Այս տարի, ըստ կանխատեսումների, ծիրան կհավաքվի հիմնականում Արարատյան հարթավայրից, քանի որ, ըստ գյուղատնտեսության նախարարության, նախալեռնային գոտում բերքն ամբողջովին փչացել է»,- գրում է թերթը:
Թերթը գրում է, որ գյուղոլորտի մասնագետների հաշվարկների համաձայն, այս տարի ակնկալվում է, որ կհավաքվի ծիրանի 30-35 հազար տոննա բերք, իսկ արտահանումները կհասնեն մինչև 3000 տոննայի՝ նախորդ տարվա 1200 տոննայի փոխարեն (2009-ին արտահանվել է 13 հազար տոնա):
«Այս տարի պահպանվել է ծիրանի բերքի ընդամենը 25-30 տոկոսը, այսինքն՝ կհավաքվի մինչև 30 հազար տոննա բերք»,- «Երկիր»-ին իր հայտնել է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:
«Այսօր երևանյան շուկաներում 1 կգ կիսահաս ծիրանը վաճառում են 800-1000 դրամով, իսկ ծիրանի մեծածախ գինը՝ 1 կգ-ի համար 400-500 դրամ է: Այգեգործներից մեր արտահանողները որակյալ ծիրանի 1 կգ-ն գնում են 500-ից 700 դրամով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել արտահանումը դեպի Ռուսաստան: Ծիրանի սեզոնին մոսկովյան շուկաներում ադրբեջանցիներն իրենց ծիրանի վրա գրում են «հայկական ծիրան», որպեսզի այն վաճառվի բարձր գնով: Իսկ Արարատյան հարթավայրից Մոսկվա հասած ծիրանի 1 կգ-ն արժե 12-15 դոլար»,- հավելում է թերթը:










































