Դերասան Վարդան Պետրոսյանի արգելափակումը երկու ամիս երկարաձգելու Կոտայքի դատարանի դեկտեմբերի 30-ի որոշման առնչությամբ ֆրանսահայ փաստաբանների և իրավաբանների AFAJA միությունը հունվարին 7-ին հրապարակել է հաղորդագրություն:
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ ավտովթարի հանգամանքների ստույգ ճշտումը և Վարդան Պետրոսյանի պատասխանատվության ստուգումը դատարանի իրավասությունների մեջ է: «Այնուամենայնիվ, արվեստագետի ընտանիքի միջոցով մեզ հասած տեղեկությունները, որոնք հաստատում է նաև իր փաստաբանը, չեն արդարացնում ֆրանսահայ արվեստագետի արգելափակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Վ. Պետրոսյանի կողմից ո՛չ ոգելից խմիչքի, ո՛չ էլ արգելված որևէ այլ նյութի գործածության և չափազանց արագության վարկածի բացակայության ընդգծումից հետո նշվում է, որ դերասանը նույնպես ծանր վիրավոր է եղել, անմիջապես վիրահատվել է և նրա առողջական վիճակը շարունակում է մնալ անորոշ. նա կարիք ունի մշտական և ուշադիր խնամքի, ինչը հնարավոր չէ բանտային պայմաններում:
AFAJA-ն հարցնում է, թե երկրի դատական իշխանությունները ի՞նչ պատճառներով են շարունակում Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես նախազգուշական միջոց կիրառել արգելափակումը, երբ վերջինիս պատասխանատվությունը դեռ հաստատված չէ, և ոչ էլ նա որևէ սպառնալիք է ներկայացնում հանրային անդորրը խախտելու առումով: