Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստվում է ստեղծել սեփական կուսակցությունը և դառնալ ընդդիմություն: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա այդ մասին պետք է մտածել»,- ասել է Քոչարյանը`պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք իր կուսակցությունը ստեղծել:
Նախկին նախագահի խոսքերով՝ կուսակցության անվանումը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է հարմարեցվեն… Այսօր ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լուրջ վակուում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- նշել է Քոչարյանը:
Խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին, Քոչարյանն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: «Ես անկուսակցական էի: Սա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ եղել է: Ընդ որում՝ կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար ինչպիսին են առաջին քայլերը, երբ ցանկանում ես ստեղծել թիմ: Ուշադրությունը սևեռում ես այն մարդկանց ուղղությամբ, որոնց ճանաչում ես, շփվել և աշխատել ես»,- ասել է Քոչարյանը:
Սակայն ըստ նրա՝ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց: «Ինչ-որ մեկին, իհարկե, պետք է ներգրավել հին թիմից, որը դու գիտես, որի հետ աշխատել ես: Սակայն հիմնվել պետք է նոր սերնդի մարդկանց վրա, բայց դա հեշտ չէ անել, ժամանակ է պահանջվում»,- հավելել է Քոչարյանը:
Ուշագրավ է, սակայն, որ երբևէ Քոչարյանի մոտեցումները կիսած, նրա քաղաքականությունը համակրած անձինք, կուսակցությունները, մարդ-կուսակցությունները չեն պատրաստվում միավորվել Քոչարյանի շուրջ՝ լուծարել իրենց կուսակցությունները և միավորվել Քոչարյանի նորաստեղծ կուսակցության շուրջ։
Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը ողջունած «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը ողջունում է Քոչարյանի կողմից կուսակցություն ստեղծելու գաղափարը։ «Երբ որ ինքը որոշի հաստատ, որ կուսակցություն է ստեղծում, մենք էլ կքննարկենք այդ հարցը, թե ինչ կոնտեքստում ենք իրար հետ համագործակցելու»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք 2003 թվականին գրանցված քաղաքական կուսակցություն են, ունեն իրենց գաղափարախոսությունը, մարզային կառույցները, գործելաձևը։ «Դրա համար ես կոռեկտ չեմ համարում խոսել Քոչարյանի հետ միավորման մասին։ Մեզ մշտապես եղել են առաջարկներ՝ միավորվել այս կամ այն ուժի հետ, բայց մենք դրանից միշտ հրաժարվել ենք։ Այնպես որ, հիմա էլ պարզ է դա, բայց ամեն ինչ կորոշվի համագումարի ժամանակ։ Եթե համագումարը որոշի, որ պետք է լուծարվենք, գնանք միանանք Քոչարյանին, այդպես էլ կանենք, բայց եթե որոշի, որ մենք, որպես քաղաքական կուսակցություն, պետք է մեր գաղափարները առաջ տանենք՝ մենք կգնանք այդ ճանապարհով»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը կարծում է, որ Քոչարյանը լուրջ քաղաքական գործիչ է և կարող է լրացնել ընդդիմադիր քաղաքական դաշտում առկա վակուումը։ «Այսօր նման գործչի պակաս կա։ Քոչարյանին կարելի է համեմատել ֆուտբոլի մեջ Պելեի հետ։ Այնպես որ, նրա ստեղծած ուժի անհրաժեշտություն կա, և կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան մաս կազմել այդ ուժին։ Ովքեր ընդունելի են համարում Քոչարյանի վարած քաղաքական գիծը, կմիանան նրան ու կհամագործակցեն Քոչարյանի հետ»,- եզրափակեց Ավետիսյանը։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նախկինում մշտապես հորդորել է Քոչարյանին ստեղծել քաղաքական ուժ, քանի որ այն անձինք, ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ, հատկապես նախագահի պաշտոն, պետք է ունենան քաղաքական ուժ, բայց Իսագուլյանի խոսքերով՝ Քոչարյանը միշտ հրաժարվել է այդ առաջարկից՝ նշելով, որ ինքն իր առաքելությունն ավարտել է և գնում է վաստակած հանգստի։ «Բայց ինչպես հայտնի ասացվածքն ասում, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է սկսում զբաղվել քեզնով։ Հիմա եթե նայում ենք՝ և՛ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ունի իր քաղաքական թիմը, և՛ Սերժ Սարգսյանը ունի իր թիմը, և հիմա շատ ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ևս ստեղծում է իր քաղաքական թիմը, քանի որ նման մարդիկ, ովքեր ունեն քաղաքական ծրագրեր, ապագայի տեսլական պետք է ունենան քաղաքական թիմ»,- ասաց Իսագուլյանը։ Մեր զրուցակիցը որևէ խնդիր չի տեսնում Քոչարյանի ստեղծելիք քաղաքական ուժի հետ համագործակցությունը, բայց ինչ մնում է լուծարվել և միավորվել Քոչարյանի կուսակցությանը՝ բացառում է։ «Մեր կուսակցությունը յուրահատուկ կուսակցություն է, բոլոր կուսակցություններից առավել աշխատում է, ունի յուրահատուկ ուղղություն, հրատարակում է եռալեզու ամսագիր, ունի հարցումների հետազոտության կենտրոն և սպեցիֆիկ աշխատանք է կատարում։ Հետևաբար` բացառվում է, որ մենք կարող ենք ձուլվել որևէ կուսակցության հետ։ Դա բացառված է։ Չեմ բացառում միայն համագործակցությունը»,- նկատեց Իսագուլյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կլինեն շատ մարդիկ, ովքեր կմիավորվեն, կաջակցեն Քոչարյանին։ «Քոչարյանը համախոհների պակաս չի ունենա հատկապես երիտասարդ շրջանակներից»,- ասաց Իսագուլյանը։
Լուծարվել և Քոչարյանին միանալ չի պատրաստվում նաև Դեմոկրատական կուսակցությունը։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մեկ տարի համագործակցել է Քոչարյանի հետ՝ լինելով նրա խորհրդականը, բայց հետո համապատասխան պայմաններում դիմում է գրել ու հեռացել, քանի որ լուրջ տարաձայնություններ են ունեցել։ Արամ Սարգսյանն այսօր էլ համագործակցության եզր չի տեսնում Քոչարյանի հետ՝ շատ այլ պատճառներից ելնելով։ «Ես ունեմ սկզբունքային տարաձայնություններ Քոչարյանի հետ և համագործակցությունը բացառում եմ։ Երբ որ ժամանակին խոսք էր գնում նրա մասին, որ խորհրդարան եկող մականունավոր տղաների դեմը պետք է առնել, նա շատ ուշագրավ պատասխան տվեց՝ ասելով, որ ինչո՞ւ, ԱՄՆ-ում այդպես չէ՞։ Ով շատ փող ունի, նա էլ անցնում է խորհրդարան։ Եթե նա պետք է շարունակի այդ սկզբունքով հանդես գալ քաղաքական դաշտում, ապա դա վտանգավոր է և ես այդ դաշտում ինձ չեմ տեսնում»,-ընդգծեց Արամ Սարգսյանը։
Վերջերս Քոչարյանի հետ հանդիպած և ներքաղաքական իրավիճակը քննարկած «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում լսելով հարցը, պարզապես հայտարարեց, որ այդ հարցը չի մեկնաբանում։