Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս ձմեռը Հայաստանի պատմության մեջ ամենացրտերից է, սակայն այն նահանջելու միտումներ ունի:
«Առաջիկայում Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը կբարձրանա, ցերեկները կլինեն արևոտ»,- ասաց նա:
Բանախոսի խոսքով՝ սպասվում է նույնիսկ 0-ից բարձր ջերմաստիճան, իսկ հունվար ամսվա ավարտին սպասվում են առատ տեղումներ:
Նա նաև հավելեց, որ չի բացառվում մառախուղը, սակայն ժամանակ առ ժամանակ կլինի արևոտ եղանակ, իսկ ցուրտը տևական չի լինի:
Զարուհի Պետրոսյանի համոզմամբ՝ ցուրտը որևէ վտանգ չի ներկայացնի գյուղատնտեսության համար, հատկապես Արարատյան դաշտի ցուրտը չի ազդի ծառերի վրա: