«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մնում է անփոփոխ՝ իրենք կատեգորիկ անընդունելի են համարում Ընտրական օրենսգրքի փոփոխությունից մեկ կամ երկու ամիս հետո ընտրություններ անցկացնել: Վենետիկի հանձնաժողովի համար բացարձակ նշանակություն չունի, թե տվյալ երկրում քաղաքական ինչպիսի իրավիճակ է՝ իրենք ունեն իրենց հստակ աշխատաոճը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը վերջերս է վերադարձել Ստրասբուրգից:
Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը համարում է, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է. «Ես կարծում եմ, որ մենք այլևս շրջանցելու ենք Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները և դեկտեմբերին գնալու ենք ընտրության: Դրա համար իրենք Հայաստանին չեն կախի, պարզապես կարձանագրեն, որ Հայաստանը հերթական անգամ անտեսում է հանձնարարականները»:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց՝ եթե դա է հանրության պահանջը, ուրեմն մենք կանտեսենք բոլոր հանձնարարականները:
ԱԺ Կանոնակարգ-օրենքում կատարված փոփոխությունների առնչությամբ էլ Նաիրա Զոհրաբյանը մնում է իր նախկին կարծիքին. «Այլ բան է, որ հանրությանը այլ բան մատուցվեց, իսկ հանրությունը պատրաստ չէ լսելու ճշմարտությունը: Այս դեպքում մնում է մեկ բան՝ լռել և սպասել, թե երբ հանրությունը պատրաստ կլինի բաց աչքերով նայելու ճշմարտությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: