Երեկ երեկոյան Վանաձորում հնչած կրակոցներից վիրավորված երեք անձն էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին «Վանաձոր» ԲԿ-ից։
Նշենք, որ երեկ Վանաձորի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով վիրավորվել էր 3 անձ՝ 41-ամյա Գևորգ Նավոյանը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 37-ամյա Գրիգորի Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 44-ամյա Արմեն Սեդրակյանը։ Նրանցից մեկը կրունկի հատվածում է վիրավորում ստացել, մյուսը՝ ուսագոտու, իսկ երրորդը աջ և ձախ ազդրերի վնասվածք է ստացել։
Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, և նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը օգտագործելը) 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ) և 235 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ այս գործով արդեն կան բերման ենթարկվածներ։
Վանաձորում կատարվածի մասին շատ բան չգիտեն։ Մեզ հետ զրույցում վանաձորցիներից մեկն ասաց, որ կատարվածի հանգամանքները թաքուն են պահվում։ Միայն լսել են, որ ինչ-որ քրեական հեղինակություններ են խառը այս պատմությանը, ինչով պայմանավորված էլ թաքուն են պահվում դեպքի հանգամանքները։ «Միայն լսել ենք, որ ոստիկանապետի հրամանով Վանաձոր են եկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, ինչը նշանակում է, որ շատ լուրջ բան է։ Ասում են՝ քրեական դեմքեր են խառը էս ամենին»,- ասաց մեր զրուցակիցը։
Լուսանկարը՝ hetq.am-ի