Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը տեղեկացրեց, որ մայիսի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Օրբելյանների ընտանիքին նվիրված համերգ:
Այս կապակցությամբ Հայաստան են ժամանել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը, նրա եղբորորդին, ԱՄՆ-ում բնակվող անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ինչպես նաև աշխարհահռչակ տենոր Եղիշե Մանուչարյանը և ամերիկյան աշխարհահռչակ Յեյլի շրջանավարտների երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ջեֆրի Դուման):
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, կարևորելով համերգի իրականացումը, փաստեց՝ առաջին անգամ է, որ մաեստրո Օրբելյանը պետք է ելույթ ունենա ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ.
«Չգիտեմ՝ ինչու է այդպես ստացվել, բայց փաստ է, և սա իսկապես մեծ իրադարձություն է»,- ասում է Թոփչյանը և հավելում. միակ խնդիրը, որ կարող է առաջանալ՝ «բեմի վրա տեղավորվելն է», քանի որ, ըստ նրա, միայն Յեյլի համալսարանի երգչախումբը բեմում ներկայացված կլինի 100-ից ավելի անդամներով:











































