«Իհարկե, կա սահմանադրական ճանապարհ, և այդ ճանապարհի մասին վարչապետը ասել է՝ դա հրաժարականն է և հետագա ընթացքը, որը կանոնագրված է մեր օրենսդրությամբ, սակայն ինչպես միշտ, ես այն տեսակետին եմ, որ պետք է համաձայնություն լինի, պետք է քաղաքական ուժերը քննարկեն, թե մեր պետության զարգացման համար որն է ամենանպատակահարմարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նրա կարծիքով՝ հիմա էլ ուշ չէ քննարկումների համար, իհարկե այդ քննարկումները կլինեն հարցադրումներով և հեշտ չեն լինի․ «Մասնավորապես ինձ չափազանց հետաքրքրում է, թե ինչ փոխվեց, որ վարչապետը սեպտեմբերին հայտարարեց, որ մայիս-հունիսին պետք է լինեն ապագա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և հիմա Միացյալ Նահանգներից հայտարարեց, որ դեկտեմբերին պետք է լինեն ընտրությունները»,- հավելեց նա։
«Երբ դուք ճնշումների ուժով խորհրդարանից հրաժարական եք կորզում, դա շատ վտանգավոր է։ Եթե դուք բացում եք պանդորայի արկղը, վաղը կարող են զինված մարդիկ գալ։ Ճնշումներով առաջնային մանդատ ունեցող մարմնին հրաժարական չի կարելի պարտադրել, այդտեղ պետությունը վերջանում է, սկսվում է անհասկանալի իրավիճակ»,-ասաց պատգամավորը։