Հնդկաստանի իշխանությունները Նյու Յորքում Հնդկաստանի հյուպատոսի տեղակալի՝ վիզաների հետ կապված խարդախության մեջ մեղադրվող Դևիյանի Խոբրագադեի հետ կապված սկանդալի պատճառով ԱՄՆ-ից պահանջում են հետ կանչել ամերիկյան դիվանագիտական առաքելության մի դիվանագետի:
Դևիյանի Խոբրագադեին դիվանագիտական անձեռնմխելիություն են տրամադրել, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները նրան խնդրել են հեռանալ երկրից: Ի պատասխան՝ Հնդկաստանն ԱՄՆ-ից պահանջել է հետ կանչել Նյու Դելիում գտնվող ամերիկյան դիվանագետներից մեկին:
Այսպիսով, ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև դիվանագիտական կոնֆլիկտը խորանում է:
Ավելի վաղ, դիվանագետի ձերբակալմանն ի պատասխան, Հնդկաստանը սկսել էր զանգվածաբար ստուգել հնդկական դպրոցներում աշխատող ամերիկացիների հարկային վճարումները, ինչպես նաև չեղյալ էին համարվել ամերիկացի դիվանագետների հարազատներին վերաբերող զիջումները:
Հնդկական իշխանությունները պահանջել էին նաև ներողություն խնդրել իրենց դիվանագետին «ստորացնելու», ինչպես նաև անձնական ստուգման ժամանակ ամբողջովին մերկացնելու համար:











































