Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկա է գտնվել Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել միջոցառմանը մասնակից պատգամավորներին և Հայաստանի ու Արցախի պետական այրերին:
«Ուրախ ենք այսօր միասնաբար մասնակցելու ՀՀ Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը և բերելու ձեզ և Մեր ողջ բարեպաշտ ժողովրդին Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Մեկ դար առաջ՝ մեր պատմության վճռորոշ ժամանակաշրջանում ազգիս զավակների տեսիլքով, վճռակամությամբ և հերոսական պայքարով վերականգնվեց հայկական անկախ պետականությունը: