Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան «Ժնև 2» համաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշման ընդունումը տեղափոխել է հունվարի 17: Այս մասին հայտնել է Փարիզում Ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մունզեր Բախուսը Sky News Arabia-ի եթերում:
Հունվարի 5-ից Ստամբուլի արվարձանային հյուրանոցներից մեկում անցկացվել են Ազգային կոալիցիայի գլխավոր ասամբլեայի հանդիպումները: Դրանց ժամանակ վերընտրվել են կոալիցիայի ղեկավարն ու գլխավոր քարտուղարը: Սակայն համաժողովին մասնակցելու հարցը վեճ է առաջացրել կոալիցիայի անդամների միջև, և շուրջ 45 պատվիրակներ լքել են նիստերի դահլիճը:
Փաստացի Ազգային կոալիցիայի մասնակցության հարցը կորոշվի համաժողովի մեկնարկից 5 օր առաջ: Մի շարք պատվիրակներ հայտնել են, որ Ազգային կոալիցիան արդեն ՄԱԿ-ից ստացել է համաժողովին մասնակցելու հրավերք:
Ընդդիմադիրները կարծում են, որ համաժողովի նախաձեռնողները՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չեն տվել ընդդիմությանը բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն համաժողովի արդյունքներով հասնելու դրական արդյունքի:








































