Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

2002 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Բանգլադեշում տղամարդը «ստալնոյ զաժիմ» հնարքով խեղդամահ է արել իր հետ կենակցող կնոջը

Լեոնիդը բժշկի ընտանիքում էր ծնվել 1964-ին: Ընտանիքի միակ զավակն էր, մայրը հայ էր: Ընտանիքը աշխատանքի բերումով Ռուսաստանից եկել էր Երևան, իսկ երբ բժիշկ հորն աշխատանք էին առաջարկել Թբիլիսիում, Լեոնիդը որոշել էր մնալ Երևանում: Նա բժիշկ հոր հետքերով չէր գնացել, ավարտել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:

1986 թվականին Լեոնիդը մեկ սենյականոց բնակարան էր ստացել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում:

Տարվա մեջ մի քանի անգամ Լեոնիդն այցելում էր ծնողներին: Վերջիններս հետաքրքրվում էին, թե Լեոնիդը ե՞րբ է վերջապես ամուսնանալու: Բժիշկ ծնողները չնկատելու էին տալիս Լեոնիդի՝ ալկոհոլի նկատմամբ հակումը: Մտածում էին՝ կամուսնանա, վերջ կտա խմելուն:

Շուտով ծնողները զգացել էին, որ իրենց որդու կյանքում կին է հայտնվել՝ Լեոնիդն ավելի խնամված տեսք էր ստացել:

Լեոնիդի կյանքում, իրոք, կին էր հայտնվել՝ Սվետլանա անունով: Վերջինս ամուսին ուներ, երեք անչափահաս երեխա:

Էլցանցում աշխատող Լեոնիդը նրանց թաղամասի «լույսի մարդն» էր: Ծանոթացել էին հոսանքն անջատելու-միացնելու հողի վրա:

Հետո Լեոնիդը սկսել էր ավելի հաճախ այցելել Սվետլանային՝ ո՛չ որպես «լույսի մարդ»: Հետը խմիչք էր տանում, ուտելիք: Սվետլանան երեխաներին ու սկեսուրին տանից դուրս ուղարկելու պատրվակ էր գտնում: Իսկ Լեոնիդի հեռանալուց հետո Սվետլանան՝ ալկոհոլից մթագնած ուղեղով, քուն էր մտնում՝ երեխաների մասին չհիշելով:

Մի օր էլ Սվետլանան վերջնականապես հեռացել էր տանից՝ լքելով երեխաներին: Հեռանալուց 15 օր անց նա զանգահարել ու սկեսուրին ասել էր, թե այլևս չի վերադառնա, ուրիշ տղամարդու հետ է ապրելու: Այդ «ուրիշ տղամարդը» Լեոնիդն էր: Դա 1997 թվականին էր: Սվետլանայի կրտսեր երեխան 1 տարեկան էր…

Սվետլանայի հեռանալուց հետո երեք երեխաներին տատիկն էր խնամել: Բայց մի օր էլ տատիկը մահացել էր: Երեխաները մնացել էին անխնամ: Հայրը երեխաներին տարել էր մանկատուն: Մեծը՝ տղան, 1990 թվականին էր ծնվել, մեջնեկը՝ 1994 թվականին, փոքրը՝ 1996 թվականին:

Ավագ որդին կապը պահպանում էր մոր հետ, երբեմն այցելում էր նրան: Սվետլանան ցուցակագրում էր այն իրերը, որ որդին պիտի հոր տանից տաներ, հանձներ նրան: Այդ իրերը Սվետլանան վաճառում, խմիչք էր առնում: Սվետլանան ու Լեոնիդը միասին խմում էին՝ դա հարբեցողների միություն էր դարձել…

Հարևանների վկայությամբ՝ Լեոնիդը մինչև Սվետլանայի հայտնվելը «շատ նորմալ» մարդ էր, ավելորդություններ երբեք թույլ չէր տալիս, դաստիարակված էր: Իսկ երբ սկսել էր Սվետլանայի հետ ապրել, համարյա ամեն օր խմած էր լինում: Հարբած էր լինում նաև Սվետլանան…

Առաջին հարկում գտնվող նրանց բնակարանը շատ աղմկոտ էր դարձել: Հարևանները երբեմն ստիպված էին լինում դուռը թակել ու պահանջել, որ աղմուկը դադարեցնեն:

2002 թվականի սեպտեմբերի 21-ից՝ երեք օր շարունակ, Լեոնիդի բնակարանից ոչ մի ձայն չէր լսվել: Հարևանները նրանցով առանձնապես չէին հետաքրքրվում, որ մտաբերեին՝ քանի օր չէին տեսել Սվետլանային:

Անհանգստության նշաններ էին ցույց տվել միայն Լեոնիդի՝ Թբիլիսիում գտնվող ծնողները: Լեոնիդը սեպտեմբերի 1-ին զանգել, շնորհավորել էր մոր ծննդյան օրը: Դրանից հետո նա ծնողներին չէր զանգել…

Եռօրյա լռությունից հետո՝ սեպտեմբերի 24-ին, Լեոնիդը թակել էր հարևանի դուռը, անվճռական ձայնով զանգելու թույլտվություն էր խնդրել: Դողացող մատներով նա հավաքել էր շտապօգնության համարը: Հարևանուհու հարցերին Լեոնիդը կարճ պատասխանել էր, թե Սվետան 3 օր է՝ մեռած է, ինքը փորձել է նրան կենդանացնել, բայց չի կարողացել:

Լեոնիդի հեռանալուց հետո հարևանուհին շան հետ դուրս էր եկել զբոսնելու, տեսել էր, որ շտապօգնության մեքենան մոտեցել է իրենց մուտքին, բայց Լեոնիդի բնակարանից ոչինչ չէին հանել, շտապօգնության մեքենան ինչպես եկել, այնպես էլ հեռացել էր…

Հարևանուհին կատարվածի մասին հայտնել էր ամուսնուն:

Լեոնիդը հաջորդ առավոտյան սովորականի նման դուրս էր եկել տանից ու գնացել էր աշխատանքի: Հարևանները խառնվել էին իրար: Ինչ-որ մեկը պատշգամբով Լեոնիդի բնակարան էր մտել, այնտեղ՝ աղտեղության մեջ հատակին ընկած՝ նեխում էր Սվետլանայի դիակը:

Հարևանների ահազանգով ժամանած շտապօգնության անձնակազմը բնակարանից դուրս էր բերել Սվետլանայի դիակը:

Հաջորդ առավոտյան ոստիկանները այդ նույն բնակարանից բաժին էին տարել Լեոնիդին:

Պարզվել էր՝ Լեոնիդի կանչով ժամանած շտապօգնության անձնակազմը հրաժարվել էր դիակը տեղափոխելուց, Լեոնիդին միայն խորհուրդ էին տվել դիմել դատախազություն: Լեոնիդը չէր դիմել՝ ի՞նչ դատախազություն: Մինչև շտապօգնության երկրորդ անձնակազմի ժամանումը՝ Լեոնիդը կարող էր Սվետլանայի դիակը տեղափոխել բնակարանից, կորցնել… Առաջին անձնակազմը նույնիսկ ոստիկանություն չէր ահազանգել…

Հետագայում պարզվել էր՝ երբ առաջին անձնակազմը բնակարան էր մտել ու տեսել աղտեղության ու աղքատության մեջ ընկած դիակը՝ անտեր-անտիրական, ցանկացել էին գլխացավանքից ու կեղտոտ դիակից հեռու մնալ: Ու հեռացել էին: Գործի քննության ժամանակ բացատրություն էին տվել. «Դիակը չտեղափոխվեց՝ փաստաթղթերի բացակայության պատճառով»…

Շտապօգնության երկրորդ անձնակազմն արդեն դիակից փաստաթուղթ չէր պահանջել, դիակը տեղափոխել էին նույնիսկ՝ տանտիրոջ՝ Լեոնիդի բացակայությամբ…

2002 թվականի սեպտեմբերի 25-ն էր:

Տեղազննությամբ արձանագրվել էր. «Մուտքից անմիջապես ձախ՝ սենյակի հատակին, կնոջ դիակ կա, վրան՝ կարմիր, ծակ-ծակ ադյալ: Բնակարանն անմխիթար վիճակում է, ամբողջ հատակը՝ աղբի մեջ կորած… Բնակարանում կա 34 սմ անկյունագծով հեռուստացույց, 3 փայտե աթոռ, խոհանոցային 1 սեղան, 1 կիսավեր թախտ… Օգտագործման ենթակա այլ գույք չկա…»:

Լեոնիդի ցուցմունքով՝ Սվետան քնում էր հատակին, քանի որ… մահճակալ չկար, իսկ թախտին քնում էր Լեոնիդը: Սվետան այդպես հատակին ընկած էլ մնացել էր՝ որպես դիակ՝ չորս-հինգ օր…

Հարևաններից ու ճանաչողներից ոչ ոքի չէր ցնցել Սվետայի մահը: Կատարվածից վախեցած ու ավելի դժբախտացած էին միայն Սվետայի երեք անչափահաս երեխաները, ովքեր մանկատանն էին… Երկու տարի առաջ Սվետային դատարանով զրկել էին մայրական իրավունքներից, բայց երեխաները ցավ էին զգացել՝ մոր մահվան մասին իմանալով. 12-ամյա տղան այդ մասին իմացել էր հեռուստահաղորդումից… Լսել ու փախել էր մանկատնից: Թափառել էր, հետո գնացել էր հոր տուն: Հայրը պահանջել էր.

«Անմիջապես հետ գնա»: Բայց տղան մի քանի օր մնացել էր հոր տանը: Հետագայում այդ տղան հայտնել էր. «Ես մորս հիշում եմ որպես ինձ սիրող, բայց մշտական օղի խմող…»:12-ամյա երեխայի ցուցմունքի վերջում մանկավաժը գրել էր. «Քանի որ երեխան տառաճանաչ չէ, այդ պատճառով ես եմ ստորագրում նրա փոխարեն»:

36 տարեկան էր Լեոնիդի հատակին որպես դիակ ընկած Սվետլանան: Նրա երեք երեխաների՝ մոր կյանքի օրոք անգամ անմայրության մատնված լինելուն ի պատասխան՝ Սվետլանայի դիակը մեկ ամիս մնացել էր անթաղ ու անտեր: Գործը վարող քննիչը հոկտեմբերի 30-ին գրել էր. «Սվետլանայի հարազատները հրաժարվում են դիակը հուղարկավորելուց: Խնդրում եմ այն իրականացնել քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջոցով և դատախազությանը հայտնել գերեզմանի վայրն ու հերթական համարը»»:

Իսկ Լեոնիդը բերման ենթարկվելու հաջորդ օրը պատմել էր, թե ինչպես է սպանել Սվետլանային:

«Մենք իրար հետ հաճախ խմում ու պարբերաբար կռվում էինք: Հինգ-վեց օր առաջ կեսգիշերին հաց կերանք, խմեցինք: Հետո իրար հետ կատակում էինք: Կարատեի պրիոմներ էինք անում: Սվետան էլ էր ժամանակին կարատե պարապել: Քանի որ խմած էի, պրիոմներ անելու ժամանակ պատահաբար խփել էի Սվետայի գլխին… Պրիոմների ժամանակ, իմ կարծիքով, կոտրել եմ նրա ողերը… Չէի գիտակցում… Հիշում եմ՝ գցել էի մատրասին, ձեռքերով խեղդում էի, որովհետև նա հարվածել էր գոտկատեղիցս ներքև: Շատ էի զայրացել:

Հենց դրանից հետո էլ խեղդել եմ: Երբ զգացի, որ չի շնչում, սկսեցի արհեստական շնչառություն տալ… Բայց չօգնեց… Առավոտ էր: Հուսահատությունից խմեցի… Մի քանի օր ընդհանրապես տանից դուրս չեկա, համարյա անընդհատ քնած էի… Դիակը հատակին էլ մնացել էր: Երբ ի վիճակի էի տանից դուրս գալ, զանգեցի շտապօգնություն, բայց դիակը չտարան, ասին՝ պետք է դիմեմ դատախազություն: Ես էլ թողեցի, գնացի աշխատանքի…»:

Հաջորդ ցուցմունքում Լեոնիդը փոխել էր վարկածը. «Կեսգիշեր էր… Հիշում եմ՝ լիալուսին էր… Ես օղու շշով ժանգլյորություն էի անում, պատահաբար երկու անգամ շշով խփեցի Սվետայի գլխին: Նա ջղայնացավ, սկսեց կռվել, խփեց սեռական օրգաններիս:

Դրանից ես ագրեսիվացա, վրա հասա, որ խեղդեմ: Երկու ձեռքով սեղմում էի Սվետայի պարանոցը՝ «ստալնոյ զաժիմ» կոչվող հնարքով, որը ազատ ոճի ըմբշամարտի և ձյուդոյի սպորտաձևերում է օգտագործվում… Ինչպես երկու ձեռքերով Սվետայի պարանոցը բռնել էի, այդպես էլ քնել եմ… Արթնացա, տեսա Սվետան չի շնչում… Փորձեցի արհեստական շնչառություն տալ, չօգնեց… Երկու օր քնեցի… »:

Երրորդ ցուցմունքը տարբերվում էր նախորդներից. «Իրար հետ կատակում էինք: Առաջարկեցի, որ Սվետան կանգնի պատի տակ, ես էլ շշով խփեցի պատին: Բայց շիշը դիպավ նրա գլխին, Սվետան ջղայնացավ…»:

Դատարանում Լեոնիդը սկսեց պատմել Սվետայի՝ ինքնասպան լինելու մասին: Նա նշեց, թե ինքն ու Սվետան խմել էին, օղին վերջացել էր: Ինքը գնացել էր օղի գնելու: Երբ վերադարձել էր, տեսել էր, որ դուռը կիսաբաց է, իսկ Սվետան դռան բռնակից կախ է ընկել մայկայի վերնամասով, երևի քաշքշել, չէր կարողացել ազատվել, այդպես էլ… խեղդվել էր… Ինքը փորձել էր Սվետային արհեստական շնչառություն տալ, երևի այդ ժամանակ էր վնասել նրա կողոսկրերը…

Դատական ատյանները հաստատված են գնահատել, որ Լեոնիդը դիտավորությամբ սպանել է՝ խեղդամահ է արել իր կենակից ու բաժակակից Սվետային:

2003 թվականի մարտի 12-ին Լեոնիդը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար ու դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Նույն տարվա ապրիլի 25-ին՝ վերաքննիչ դատարանը, իսկ հունիսի 13-ին վճռաբեկ դատարանը այս դատավճիռը թողել են անփոփոխ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում