ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված «Ակունք» ցուցահանդեսում ընդգրկվել են հեղինակի ութսունից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք կերտվել են Զարդարյանի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում: «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Ձգտում», «Ուսանողուհին Սորբոնից. Ժենյա Ավետիսյան», «Մոռացված ճանապարհ» և այլ հայտնի գործերի կողքին արվեստասերներն առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնել նաև «Կոմիտաս» կտավը, որը պատկանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Մեծանուն նկարիչն իր հիսուն տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում մեծ ժառանգություն թողեց. ոչ միայն բնապատկերներ, նատյուրմորտներ, այլև դիմանկարներ: Ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Զարդարյանի ընտանիքին և պատկերասրահին»,- նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեբերի 29-ը: