Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ երեկ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ։ Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Բառոզուն նշել է, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։
Նա հավելել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել են «Հարավային գազային միջանցք» նախագծին, «Արևելյան գործընկերություն» ծրագրին, Եվրոպական հարևանության քաղաքականությանն ու Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանն առնչվող խնդիրներ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Բառոզուն նշել է, որ ժամանակն է լուծել այդ խնդիրը։
Ալիևն իր հերթին ընդգծել է, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև առկա է ակտիվ երկխոսություն։ Նա հերթական անգամ նշել է, որ Ղարաբաղի հարցը «պետք է» լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։
Հիշեցնենք, որ Բառոզուն այս տարվա հունվարին այցելել է Ադրբեջան։