«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փորձագետ Լիզ Ֆուլլերն այսօր «Սիվիլիթաս»-ի կազմակերպած քննարկման ժամանակ անդրադարձավ Ազատություն ռադիոկայանի ազդեցությանը Հարավային Կովկասի երկրներում: Նա նշեց, որ 2008թ. իրենց ռադիոկայանը Վրաստանում շատ մեծ գործ է կատարել և լսարանն էլ շատ մեծ էր, սակայն այժմ իրավիճակն այդքան էլ պարզ չէ, որպեսզի համապատասխան գնահատական տրվի: Ֆյուլլերի խոսքերով՝ Հայաստանում լսարանի իմաստով վերջին տարիներին իրենք նվազման միտումներ ունեն:
Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Շիթսն ու «Հաշտեցման պաշարներ» կազմակերպության փորձագետ Լորենս Բրոերսն էլ խոսեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ազատության մասին:
Շիթսը նկատեց, որ երեք երկրներում էլ թերթերն ինչ ուզում գրում են: Նրա գնահատմամբ՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում անկախ լրատվամիջոցների պակաս կա: Նա հիշեց, որ Ազատություն ռադիոկայանը և անկախ հեռուստաալիք «Ա1+»-ը խնդիրներ են ունեցել հաճախականության հետ:
Շիթսը Վրաստանի լրատվամիջոցների վիճակն առավել լավ գնահատեց՝ ի տարբերություն Հայաստանի և Ադրբնեջանի. «Այստեղ խառը իրավիճակ է՝ կան «ընդդիմադիր» հեռուստաընկերություններ, այլընտրանքային լրատվամիջոցներ, նույնիսկ պետական հեռուստատեսությամբ բավական քննադատական նյութեր են ցուցադրվում»:
Լորենս Բրոերսն էլ հավելեց, որ Ադրբեջանում շատ են լրագրողների իրավունքների խախտումները, սակայն պետք չէ ասել, թե ամեն ինչ սև-սպիտակ է: