Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջին հանդիպումը կանցկացնի՝ Ազգերի լիգայի խաղարկությունում մրցելով Լիխտենշտեյնի հետ: Ընդամենը 3 օր հետո մեր ֆուտբոլիստները Սկոպիեում կմրցեն խմբի ֆավորիտ Մակեդոնիայի ընտրանու հետ:
Կարևորագույն մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականը մայիսի վերջին և հունիսի սկզբին Վարդան Մինասյանի գլխավորությամբ երկու ընկերական հանդիպում անցկացրեց Մալթայի և Մոլդովայի ազգային թիմերի հետ: Հիշեցնենք, որ Մալթայի հետ հանդիպումն ավարտվել էր 1:1, իսկ Մոլդովայի հետ մրցավեճը՝ 0:0 հաշվով: Այս մրցավեճերում տեսանելի էին բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացել են տարիների ընթացքում: Խաղային շատ դիրքերում առկա են թերություններ, որոնք կարևոր հանդիպումներից առաջ պետք է շտկվեն:
Եթե պաշտպանությունում կամ հարձակման գծում Մինասյանը կարող է լուծումներ գտնել, ապա կա խաղային կարևոր մի օղակ, որտեղ առկա բացը լրացնելու հեռանկար կարծես թե չի նշմարվում: Խոսքը դարպասապահի մասին է: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանեցին երկու դարպասապահ՝ Արսեն Բեգլարյանն ու Գրիգոր Մելիքսեթյանը: Նրանց խաղը ընտրական այդ շրջափուլում կարելի է գնահատել մեկ բառով՝ անբավարար: Հետևաբար Բեգլարյանի և Մելիքսեթյանի հետ Ազգերի լիգայի խաղարկությունում հույսեր կապելը, կարծում ենք, ճիշտ չի լինի: Կրասնոյարսկի «Ենիսեյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ Հայաստանի հավաքականում խաղալու հարցը այդպես էլ լուծում չստացավ, քանզի Ռուսաստանում դեռևս փոփոխության չի ենթարկվել լեգեոներների սահմանափակման մասին օրենքը:
Ո՞ւմ կարող է վստահել Մինասյանը Հայաստանի հավաքականի դարպասը անչափ կարևոր հանդիպումներին: Մալթայի և Մոլդովայի հետ հանդիպումներին Մինասյանը հիմնական կազմում ընդգրկել էր «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանին: Վերջինս կորցրել է իր տեղը «Բանանցի» հիմնական կազմում և չունի խաղային պրակտիկա: Այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցած Լիտվայի հետ ընկերական խաղում Հայաստանի դարպասը պաշտպանած «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանը վնասվածք ունի և տևական ժամանակ է չի խաղում: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9 թիմերից այսօր միայն 2-ում են հիմնական կազմում խաղում հայ դարպասապահներ: Խոսքը «Բանանցի» և «Գանձասար-Կապանի» մասին է: Մասնավորապես, «Գանձասար-Կապանի» դարպասը վերջին հանդիպումներում պաշտպանել է Գրիգոր Մելիքսեթյանը, իսկ «Բանանցի» դարպասը՝ Անատոլի Այվազովը: Վերջինս մի քանի անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, սակայն ոչ մի հանդիպման չի մասնակցել: Անցյալ տարի Այվազովը հայտարարել էր, որ ժամանակավորապես հրաժարվում է խաղալ Հայաստանի ազգային թիմում՝ հույս ունենալով կարիերան շարունակել Ռուսաստանում:
Այվազովը ևս Ռուսաստանի քաղաքացի է, և նրա վրա նույնպես ազդում է այս երկրում գործող լեգեոներների մասին օրենքը: Իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Վարդան Մինասյանը նշել էր, որ Այվազովը, այնուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնել խաղալու մեր ազգային թիմում: Մասնավորապես, Մալթայի և Մոլդովայի հետ հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականի գխավոր մարզիչն ասել էր․ «Լուրջ խնդիրը, գիտեք, դարպասապահի հարցն է, բայց հույս ունեմ՝ Գոռ Մանուկյանը կապաքինվի, իսկ Անատոլի Այվազովը մեզ տվել է դրական պատասխան, ուղղակի քննությունների պատճառով չկարողացավ միանալ, ու մենք դեռ հույս ունենք, որ Դավիդ Յուրչենկոն մեզ կմիանա»:
Ցավոք Գոռ Մանուկյանը չի ապաքինվել, իսկ Յուրչենկոյի հարցը չի լուծվել: Մենք կրկին կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, և մեր միակ հույսը, փաստորեն, Անատոլի Այվազովն է: Այս դարպասապահն իր որակներով չի փայլում, և նրան չի կարելի համեմատել նույն Յուրչենկոյի հետ: Ստեղծված իրավիճակում, սակայն, Այվազովի հարցում ուղղակի այլընտրանք չունենք:
Իրավիճակն իսկապես մտահոգիչ է: Խայտառակ մի վիճակագրություն. այսօր ունենք ընդամենը 3 դարպասապահ, որոնք խաղում են իրենց թիմերի հիմնական կազմում և տեսականորեն կարող են հրավիրվել Հայաստանի հավաքական: Մելիքսեթյանից և Այվազովից բացի՝ լատվիական «Լիեպայա» թիմի մեկնարկային կազմում վերջին հանդիպումներին մասնակցել է Արսեն Բեգլարյանը: Եվ հիմա, ուզած թե չուզած, Մինասյանը ստիպված է լինելու Մելիքսեթյանին ու Բեգլարյանին հրավիրել ազգային թիմ: Եթե Այվազովն ինչ-ինչ պատճառներով չմիանա հավաքականին, ապա առաջիկա հանդիպումներին ստիպված կլինենք խաղալ «կես թիմով»: Ինչպես ընդունված է ասել՝ լավ դարպասապահը թիմի կեսն է:
Նույն Արսեն Բելգարյանը կարող է գերազանց խաղ անցկացնել, բայց և կարող է գնդակն ուղղակի նվիրել մրցակցին՝ վճռելով հանդիպման ելքը: Բեգլարյանն ազգային հավաքականում խայտառակ սխալներ մեկ անգամ չէ, որ թույլ է տվել: Նույնը կարելի է ասել նաև Մելիքսեթյանի մասին, որն աչքի է ընկել թե՛ գերազանց և թե՛ չափազանց թույլ խաղով: