Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս շաբաթ կայցելի Ադրբեջան՝ բանակցելու Եվրոպային Կասպից ծովի գազի մատակարարման ծավալները բարձրացնելու շուրջ: Եվ դա կարվի ԱՄՆ-ի կողմից Բեռլինի վրա ճնշումների ֆոնին, որի պատճառը «Հյուսիսային հոսք-2»-ն է, որով Ռուսաստանից անմիջապես գազ պիտի մատակարարվի Գերմանիային՝ տեղեկացնում է Financial Times-ը:
Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Գերմանիան «չափազանց շահագրգռված է» Ադրբեջանը Եվրոպային կապող «Հարավային գազային միջանցքի» կառուցման հարցում: Նա ընդգծել է, որ դա Եվրամիության ջանքերի կարևոր մասն է կազմում մայրցամաքում գազի մատակարարման դիվերսիֆիկացման և ռուսական էներգակիրներին այլընտրանքի հարցում:
Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է գազ ներկրել նաև այլ երկրներից, իչպիսիք են Թուրքմենիան, Իրանը և Իրաքը: